շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ակցիայի մասնակիցները քորոցներով ծակում են ոստիկաններին․ եթե իրավիճակը ծայրահեղ է, ոստիկանությունը կարող է չզգուշացնել հատուկ միջոց կիրառելու մասին․ Ֆիդանյան

Ակցիայի մասնակիցները քորոցներով ծակում են ոստիկաններին․ եթե իրավիճակը ծայրահեղ է, ոստիկանությունը կարող է չզգուշացնել հատուկ միջոց կիրառելու մասին․ Ֆիդանյան

Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հունիսի 3-ին խաղաղ հավաքի մասնակիցների և ոստիկանական ուժերի միջև բախումների ժամանակ ոստիկանությունն իրականացրել է այն գործողությունը, որը պայմանավորված է եղել տվյալ պահով։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նամն կարծիք հայտնեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Նշենք, որ այդ օրը ոստիկանությունը բիրտ ուժ և լուսաձայնային նռնակներ էր կիրառել «Դիմադրության» շարժման մասնակիցների դեմ։ Վնասվածքներ էին ստացել ինչպես ակցիայի մասնակիցները, այնպես էլ ոստիկանները։

«Ոստիկանների գործողությունները համաչափ էին. ոստիկանների ուղղությամբ քարեր և այլ առարկաներ են նետել։ Երբ սկսում են նմանատիպ գործողություններ, ակցիան խաղաղից ոչ խաղաղի է վերածվում, և ոստիկանությունը կարող է հատուկ միջոցներ կիրառել»,–ասաց փոխոստիկանապետը։

Նրա խոսքով` եթե իրավիճակը ծայրահեղ է, ոստիկանությունը կարող է և չզգուշացնել հատուկ միջոց կիրառելու մասին։

Հարցին, թե ոստիկանների հանդեպ քրգործեր կան հարուցված, քանի որ հայտնի է միայն, որ ակցիայի մասնակից 10 անձ է կալանավորվել` Ֆիդանյանը պատասխանեց, թե տեղյակ չէ։ Սակայն վստահեցնում է` ոստիկանության բոլոր ծառայողների աշխատանքը դրական է գնահատում. իհարկե, առանձին խնդիրներ կան։

«Ակցիայի մասնակիցները գալիս են քորոցներով ու աննկատ ծակում են ոստիկաններին, ինչը պարբերաբար է լինում։ Բացի այդ, վերջին 40 օրերի ընթացքում հավաքի կազմակերպիչները կանխավ չեն ծանուցում իրենց հավաքների մասին»,–ասաց Ֆիդանյանը։

  • Կիսվել: