կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երթևեկության կանոնների խախտման տուգանքը հնարավոր է վճարել 20 տոկոսով քիչ, եթե ծանուցումը ստացվի էլփոստով

Երթևեկության կանոնների խախտման տուգանքը հնարավոր է վճարել 20 տոկոսով քիչ, եթե ծանուցումը ստացվի էլփոստով

Այն դեպքում, երբ քաղաքացին տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների կապակցությամբ roadpolice.am կայքով դիմում է վարչական ակտն իր նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու պահանջով, և վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը վճարվում է սահմանված գումարից 20 տոկոսի չափով պակաս: Այդ մասին կարգավորումը Կառավարության հունվարի 11-ի նիստին ներկայացրեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ հիշեցնելով, որ հարցը քննարկվել էր նաև դեկտեմբերի 28-ի նիստին:

«Փաթեթով նախատեսվում է նաև խրախուսման 1 նորմ, որը վերաբերելի է ոչ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված, այլ նաև ոստիկանության ծառայողի կողմից արձանագրված խախտումներին: Մասնավորապես՝ եթե վարչական ակտի հասցեատերը որոշումն իրեն հանձնվելուց, ծանուցվելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, վճարում է տուգանքի գումարի առնվազն 70 տոկոսը, ապա տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված: Ընդ որում՝ եթե որոշումը հանձնվել է, ծանուցվել է վերը նշված էլեկտրոնային եղանակով, ապա քաղաքացին օգտվում է նաև նախորդ կարգավորմամբ սահմանված 20 տոկոսի արտոնությունից:

Միաժամանակ անցումային դրույթներով նախատեսված է, որ այս պահին արդեն իսկ առկա խախտումներով կայացված, դեռևս չկատարված, ինչպես նա հարկադիր կատարման փուլում գտնվող վարչական ակտերի պարագայում 50 տոկոսը վճարելու կամ արդեն իսկ նույն չափով վճարված լինելու պայմաններում պարտավորությունները համարվում է կատարված, ընդ որում՝ այս դեպքում կա ժամկետային կանոն, այն է՝ օրենքն ուժի մեջ մտնելուց եռամսյա ժամկետը»,- ասաց Վահե Ղազարյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ պարզաբանեց, որոշման համաձայն՝ եթե քաղաքացին roadpolice.am կայքում գրանցվում է, ասում է՝ ինձ այս հասցեով ուղարկեք ծանուցումները, 20 տոկոս զեղչ է ստանում:

«Եվ եթե այս պահին կա ժամկետանց վճարման խնդիր, որը Հարկադիր կատարման ծառայությունում է, այդ թվի կեսը վճարում է, զրոյանում է պարտքը»,- ասաց վարչապետը և հավելեց, որ դրան գումարվում է նաև կատարողական ծախսը:

  • Կիսվել: