հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երիտասարդը վերցրել էր դանակ և ձևացնելով՝ իբր ենթարկվել է ավազակային հարձակման, վնասել էր իրեն

Երիտասարդը վերցրել էր դանակ և ձևացնելով՝ իբր ենթարկվել է ավազակային հարձակման, վնասել էր իրեն

Դեկտեմբերի 5-ին, կեսգիշերից 40 րոպե անց, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից: 1-02 զանգած 33-ամյա երիտասարդը հայտնել էր, որ իր վարած «Նիսան» տաքսու մեջ անծանոթ ուղևորը իրեն դանակահարել է, հափշտակել հեռախոս ու փող, ինքն էլ գտնվում է Մեծամորի հիվանդանոցի մոտակայքում։

Մինչ օպերատիվ խումբը տեղ կհասներ, Վաղարշապատի բաժնում ստացվեց նաև հիվանդանոցից հաղորդում. Արշալույս-Մեծամոր հատվածից շտապօգնության խումբը «որովայնի կտրած-ծակած վիրավորում» ախտորոշմամբ երիտասարդին տեղափոխել էր բուժօգնության։
Իրավապաներին երիտասարդը հայտնեց, թե անհայտ անձը Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի շուկայի մոտ կանգնեցրել է իր ավտոմեքենան՝ Արշալույս գյուղ գնալու նպատակով, սակայն ճանապարհին դանակով սպառնացել և խփել է իրեն, պահանջել և վերցրել ութ հազար դրամ, բջջային հեռախոս ու դիմել փախուստի։

Եվ, այնուամենայնիվ, երիտասարդի պատմածի մեջ կասկածելի կետեր կային: Ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և պարզվեց, որ երիտասարդն ինքն է իրեն հասցրել մարմնական վնասվածքը: Իսկ այդ ծայրահեղ արարքի պատճառը ֆինանսական անելանելի վիճակն էր:

Պարտատերերի ուշադրությունը իրենից շեղելու նպատակով նա նախապես հետը վերցրել էր դանակ և ձևացնելով՝ իբր ենթարկվել է ավազակային հարձակման, վնասել էր իրեն: Ի դեպ, հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է Արշալույս գյուղի դաշտում: Պարզվել է նաև, որ բջջային հեռախոսն էլ երիտասարդն անձամբ գրավադրել էր Կոտայքի մարզի Զովունի գյուղի մի ընկերությունում։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: