երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում առաջին անգամ կտեղադրվեն խելացի լուսատուներ

Երևանում առաջին անգամ կտեղադրվեն խելացի լուսատուներ

Երևանի լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքները նոր թափ են ստանում։

Հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության տնօրեն Անդրանիկ Թևոսյանը նշեց, որ աշխատանքները կատարվում են մի շարք ուղղություններով։ Մասնավորապես, ակտիվ տեմպերով ավելացվում է էլեկտրախնայող լուսատուների թիվը։

«Նախորդ տարի Երևանում ռեկորդային թվով նոր լեդ տեսակի լուսատուներ են տեղադրվել։ Հին նատրիումային լուսատուները հանվել են և 11 հազարից ավելի նոր լեդ տեսակի լուսատու է տեղադրվել։ Նոր լուսատուներն առանձնանում են և՛ լավ լուսավորությամբ, և՛ էներգախնայողությամբ։ Ասեմ, որ լուսատուները փոխելու գործընթացն ուղեկցվում է մի շարք այլ աշխատանքներով ևս, մասնավորապես՝ հաղորդալարերի, հենասյուների թարմացում։ Այսինքն՝ համալիր աշխատանք է կատարվում»,-ասաց Անդրանիկ Թևոսյանը։

Ընթացիկ տարում նախատեսված է 10 000-12 000 նոր լուսատու տեղադրել։ Մինչ այժմ Երևանի լուսատուների շուրջ 50 տոկոսը փոխված է։ Խնդիր է դրված երեք տարվա ընթացքում ամբողջ քաղաքն ապահովել նոր լուսատուներով։ Անդրանիկ Թևոսյանը նկատեց, որ բավական դժվարություններ կան՝ կախված տեղից, եղանակային պայմաններից, սակայն ամեն ինչ արվում է, որ ծրագիրը ժամկետի մեջ իրականացվի։ Նրա խոսքով՝ արդեն իսկ լուսատուների եղած ծավալի գրեթե կեսի փոփոխությունն իր արդյունքն է տալիս, հատկապես էներգախնայողության տեսանկյունից։

«Ասեմ, որ լեդ տեսակի լուսատուների ավելացման շնորհիվ մենք կարողացել ենք շուրջ 40 մլն դրամ խնայել։ Նախորդ տարի դեկտեմբերին, երբ մեկ ժամ ավելացվեց լուսավորության տևողությունը, հպարտությամբ կարող ենք ասել, որ մյուս ամիսներին ունեցած էներգախնայողության հաշվին կարողացել ենք դեկտեմբերի ծախսը զրոյացել»,-ասաց Անդրանիկ Թևոսյանը։

Խնդիր է դրված քաղաքում տեղադրել նաև խելացի լուսատուներ։ Անդրանիկ Թևոսյանը տեղեկացրեց, որ արդեն մրցույթ է հայտարարվել և շուտով առաջին անգամ Երևանում կլինեն խելացի լուսատուներ Բաղրամյան, Կոմիտաս պողոտաներում։ Ամեն մի լուսատուի առանձին տվյալները մուտքագրվելու են արդիականացված կառավարման համակարգ։ Նոր լուսատուները ունենալու են նաև  անհրաժեշտության դեպքում լուսատվությունը քչացնելու հնարավորություն։ Ինչ վերաբերում է հեռակառավարման համակարգի արդիականացմանը, ապա Անդրանիկ Թևոսյանը նշեց, որ որպես պիլոտային ծրագիր փորձարկվել է Նուբարաշենում ու դրական արդյունք տվել։ Դրական արդյունքները հաշվի առնելով՝ այդ մոդելը կկիրառվի նաև մյուս վարչական շրջաններում։ Նոր համակարգեր գնելու մրցույթ ևս հայտարարվել է

  • Կիսվել: