կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի երեք բնակիչներ ձերբակալվել են 100 դոլարանոց կեղծ թղթադրամներ իրացնելու համար

Երևանի երեք բնակիչներ ձերբակալվել են 100 դոլարանոց կեղծ թղթադրամներ իրացնելու համար

Երևանի 3 բնակիչներ կեղծ 100 դոլարանոց թղթադրամներ իրականացնելու համար ձերբակալվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Նշվում է, որ Երևանի 53-ամյա բնակիչը «Օպել» մակնիշի մեքենայով, 25 և 37 տարեկան երկու ուղևորի հետ փետրվարի 7-ի ժամը 19.00-ի սահմաններում, Արփի բնակավայրի «Աղավնաձորի շուկա» կոչվող տարածքից 80 000 դրամի գնումներ է արել՝ վաճառողին տալով երկու 100 դոլարանոց կեղծ թղթադրամ:

Այնուհետև վերոհիշյալ անձինք Ջերմուկ քաղաքի ըմպելասրահի տարածքում խոտաբույսեր վաճառող կնոջից 16 000 դրամի գնումներ են արել։ Վճարումը կատարել են 100 դոլարանոց կեղծ թղթադրամով` ստանալով 24 000 դրամ մանր:
Տուժած քաղաքացիները ներկայացել են ոստիկանության բաժիններ՝ իրենց հետ տանելով կեղծ թղթադրամները։

Նշվում է, որ փետրվարի 11-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզի պարեկները, իրացնելով ստացված տեղեկությունը, Երևան-Մեղրի ճանապարհի 123,5-րդ կմ-ին կանգնեցրել են վերոհիշյալ «Օպելը» և ձերբակալել ու ոստիկանության Եղեգնաձորի բաժին են տեղափոխել Երևանի երեք բնակիչների։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Անձնական խուզարկությամբ վարորդի մոտ հայտնաբերվել է մեկ 100 դոլարանոց կեղծ թղթադրամ, իսկ 37-ամյա ուղևորի պայուսակում՝ 100 դոլարանոց 10 կեղծ թղթադրամ:

Պարզվել է նաև, որ երևանցի եռյակը 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ էր իրացրել նաև Արփի բնակավայրի Արենիի շուկա կոչվող տարածքում: Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: