Երևանի Բաբաջանյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև. կան ձերբակալվածներ․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում զենքի և որպես զենք օգտագործված առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության, երկու անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջիններս նշված մարմնական վնասվածքներն ստացել են Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակային հատվածում, որի զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի նմանվող հետքեր և 9մմ տրամաչափի ատրճանակի կրակված պարկուճ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով : Երիտասարդները ճանաչվել են տուժող:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ։
Ստացված տվյալներով՝ 2022թ. ապրիլի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց և հիվանդանոց տեղափոխված երիտասարդների միջև, որի ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն է գործադրվել հիշյալ երիտասարդների նկատմամբ. մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, 9մմ տրամաչափի չպարզված տեսակի հրազենից կրակոց է արձակվել երիտասարդներից մեկի ուղղությամբ, իսկ տուժած մյուս երիտասարդի ձախ ազդրին հարված է հասցվել սուր կտրող-ծակող գործիքով:
ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությունը, և դեպքից ժամեր անց նրանք բերման են ենթարկվել, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել՝ զենքի և որպես զենք օգտագործված առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, երիտասարդների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու պահելու, կրելու կասկածանքով:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական ամնհրաժեշտ այլ գործողություններ՝ առգրավել են դեպքի պահին տուժողների և կասկածյալների հագին եղած հագուստները, որոնց վրա զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի հետքեր, ստացվել են կրակոցի արգասիքի նմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատաքիմիական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, հանցագործության գործիքները հայտնաբերելու, ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: