կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները հետաքրքրվել են ՀՀ դատաիրավական համակարգի բարեփոխումներով

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները հետաքրքրվել են ՀՀ դատաիրավական համակարգի բարեփոխումներով

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները նոյեմբերի 3-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Կիմո Կիլյունենի և Բորիաննա Աբերգի հետ:

Համազեկուցողները հետաքրքրվել են մեր երկրի դատաիրավական համակարգի բարեփոխումներով, ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխություններով, խոսքի ազատության խնդիրներով:

Հանդիպման մասնակիցներին տեսակապի միջոցով միացել և ողջունել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա նշել է, որ մի շարք բնագավառներում օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու ծրագրեր են ունեցել, սակայն համավարակն ու 44-օրյա պատերազմը խանգարել են դրանց իրագործմանը:

Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է մեր երկրում խոսքի ազատության խնդիրներին, կարևորել վիրավորանքի և հայհոյանքի համար սահմանված օրենսդրական խստացումները: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ դատաիրավական համակարգում մշտապես անհրաժեշտ են բարեփոխումներ, որոնք կխթանեն բնագավառի զարգացումը:

Հանձնաժողովի անդամներ Արթուր Դավթյանը, Արփի Դավոյանն ու Վիգեն Խաչատրյանը կարևորել են 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, որի արդյունքում ներքաղաքական կյանքում դրական զարգացումներ եղան: Հեղափոխությունից հետո տարբեր ոլորտներում մեկնարկած օրենսդրական բարեփոխումները շարունակական բնույթ են կրում:

Աննա Մկրտչյանն ու Արամ Վարդևանյանն էլ անդրադարձել են ներքաղաքական խնդիրներին: Արամ Վարդևանյանը խոսել է 44-օրյա պատերազմի ծանր հետևանքների, գերեվարված անձանց վերադարձի, Ադրբեջանի զինված ուժերի կողմից մեր երկրի սահմանների նկատմամբ ոտնձգությունների մասին:

  • Կիսվել: