շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եղեգնաձորում ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետի գործով դատապարտյալն ազատ է արձակվել

Եղեգնաձորում ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետի գործով դատապարտյալն ազատ է արձակվել

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը` նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փոխգնդապետի եղբայրը` Կարեն Մխիթարյանը։
Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում։ 2019 թվականից կոմայի մեջ գտնվող փոխգնդապետը մահացավ 2023 թվականի հուլիսին։
 
Կարեն Մխիթարյանի խոսքով` դատապարտյալն ինքն է դիմում ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովին, որպեսզի իրեն ազատ արձակեն։ Եղվարդի դատարանը երկու օր առաջ նիստ է արել ու այսօր հրապարակել է որոշումը, որով բավարարել է Գրիգորյանի դիմումը և նրան ազատ արձակել։
 
«Գրիգորյանին ազատ արձակելու հիմքն այն է եղել, որ իրեն քրեակատարողական հիմնարկում լավ է պահել»,– ասաց փոխգնդապետի եղբայրը։
Արա Մխիթարյանի հարազատները նույնպես ներկա են եղել նիստին, սակայն առանց փաստաբանի։ Նրանք պատրաստվում են վիճարկել դատարանի որոշումը։ Դատական նիստին ներկա են եղել դատախազներ, որոնք փորձել են առարկել որոշման դեմ, սակայն դատավորը նրանց ներկայացրած առարկությունը մերժել է։
 
Կարեն Մխիթարյանի խոսքով` Հարություն Գրիգորյանը ՔԿՀ–ում անցկացրել է 4 տարի 5 ամիս ու դեռ 7 ամիս էլ պետք է կրեր իր պատիժը։
 
«Վաճառված վիճակ. ես այսպես կգնահատեմ դատարանի որոշումը, քանի որ իշխանությունների մատն այստեղ խառն է, մանավանդ Տրդատ Սարգսյանն էր շահագրգիռ ու միջամտել է։ Եղբորս մահից հետո մենք նոր հայց պետք է ներկայացնեինք, այն էլ գործին ընթացք տալու համար համապատասխան թղթերը մենք այդպես էլ չկարողացանք ստանալ դատախազությունից»,– ասաց փոխգնդապետի եղբայրը։
 
Հիշեցնենք` աղմկահարույց դեպքից հետո ԶԼՄ–ները գրեցին, որ Տրդատ Սարգսյանը (Վայոց Ձորի նախկին մարզպետ, այժմ ՔՊ–ական պատգամավոր) նույնպես ներգրավված է եղել Մխիթարյանին ծեծելու գործում, սակայն նա վստահեցնում էր, որ ինքն այդ միջադեպի հետ որևէ առնչություն չունի։

  • Կիսվել: