չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունը

Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Անդրանիկ Մանուկյանը` նշելով, որ 2 միջնորդություն էր ներկայացվել։

«Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Տոնոյանի խափանման միջոցը փոխելու և խափանումն առհասարակ վերացնելու միջնորդությունները»,– ասաց նա։

Պաշտպանական կողմը պատրաստվում է դիմել վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:

Ստեփան Գալստյանը 2023 թվականի դեկտեմբերին ազատ արձակվեց 25 մլն դրամ գրավի դիմաց։

  • Կիսվել: