Դավիթ Սանասարյանից ներողություն չե՞ք խնդրելու, որ սուտ ցուցմունք էիք տվել նրա դեմ. հարց՝ Արսեն Թորոսյանին
Գործը ժամանակին հարուցվել է մեր կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա, այն ժամանակ Պետական վերահսկողական ծառայության մի շարք աշխատակիցների կողմից իրենց ծառայողական լիազորությունները վերազանցելու կասկածով, այդ բոլոր աշխատակիցների գործերը կարճվել են ոչ արդարացման հիմքով։
Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով նրան, որ 7 տարվա դատական գործընթացից հետո ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանն արդարացվել է, արդյոք չի ստացվում է, որ իր կողմից ներկայացված տեղեկությունները սուտ էին և արդյոք չի պատրաստվում հրապարակավ ներողություն խնդրել Սանասարյանից։
«Այսինքն ըստ էության նրանց մեղավորությունը ապացուցված է։ Ինչ վերաբերում է կոնկրետ Դավիթ Սանասարյանի մասնակցությանը այդ գործընթացներին, դա եղել է իրավապահ մարմինների գնահատականի հարցը։ Ոչ Արսեն Թորոսյանը, ոչ որևէ ցուցմունք տվող անձ, այդտեղ որևէ լիազորություն չունի, և իրավապահ մարմիններն են որոշում այս կամ այն անձին մեղադրանք առաջադրե՞ն, թե՞ չառաջադրեն, դատարանն էլ որոշում է՝ արդարացնե՞լ, թե՞ մեղավոր ճանաչել։
Եվ դատարանի վճիռը բոլորիս համար, ըստ էության, վերջնական ակտ է և այդքանով պետք է սահմանափակվենք։ Ես որևէ մեկին մեղադրանք չեմ առաջադրել»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ փաստորեն, իր ունեցած տեղեկությունները սուտ են եղել, Թորոսյանն արձագանքեց. «Ես չեմ շարունակում, որովհետև դուք ընդհատեցիք ինձ։ Ձեր տեղեկություններն են սուտ, իմ ոչ մի տեղեկություն սուտ չի եղել»։
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ) 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Մասնավորապես, Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:


