կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) վնասի փոխհատուցում չի կատարել և մեղքը չի ընդունել, ընդամենը պատրաստակամություն է հայտնել ապահովել վնասի չափը. Փաստաբանները հերքում են դատախազությանը

Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) վնասի փոխհատուցում չի կատարել և մեղքը չի ընդունել, ընդամենը պատրաստակամություն է հայտնել ապահովել վնասի չափը. Փաստաբանները հերքում են դատախազությանը

«Անորակ զենքի» գործով որպես մեղադրյալ անցնող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) գործում առկա վնասի փոխհատուցում չի կատարել և մեղքը չի ընդունել, նա ընդամենը պատրաստակամություն է հայտնել ապահովել վնասի չափը, դրանք շատ տարբեր բաներ են:

Նման պարզաբանում InfoPort.am-ի հետ զրույցում ներկայացրեց Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը: Նա նշեց, որ Գալստյանի կողմից պատրաստակամություն է հայտնվել գործում առկա վնասի չափով գույքային ապահովում իրականացնել, մինչդեռ դատախազության պարզաբանման մեջ առկա ձևակերպումը` «վնասի փոխհատուցում», ինքնին նշանակում է մեղքի ճանաչում:

«Մինչդեռ նման բան չկա, Գալստյանը իր մեղքը չի ճանաչում, նա վստահ է իր կողմից մատակարարած զենքի և զինամթերքի որակի վրա այն աստիճան, որ պատրաստ է թե դրա գույքային ապահովմանը, թե բոլոր տիպի փորձաքննություններին, թե այդ զենքի և զինամթերքի ետ գնմանը: Ի դեպ վերջին երկու տարբերակների վրա մենք ինքներս ամբողջ նախաքննության ընթացքում պնդել ենք: Սակայն նախաքննական մարմինը այդպես էլ չհամաձայնեց փորձաքննություն իրականացնել, իսկ ՊՆ-էլ հետ վաճառել տվյալ զինամթերքը»,- պարզաբանեց փաստաբանը:

Նա նաև հայտնեց, որ չնայած դատարանի երեկվա որոշմանը` գրավի դիմաց Գալստյանի խափանման միջոցը փոխել, վերջինս դեռևս ազատ չի արձակվել:

«Դեռ որոշակի դատավարական գործընթացներ կան, դրանից հետո նոր միայն ազատ կարձակվի»,- պարզաբանեց փաստաբանը: Նշենք, որ դատարանի որոշմամբ Դավիթ Գալստյանի խափանման միջոցը երեկ փոխվեց 50 մլն դրամ ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակվելու:

Գործով անցնող այլ մեղադրյալներ, մասնավորապես ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, սակայն, մնացին կալանքի տակ: Այս առնչությամբ պարզաբանում է ներկայացրել գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, նշելով, որ ամբաստանյալ Դավիթ Գալստյանի խափանման միջոցի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ վերջինս արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն ՀՀ դրամ գումարը վերականգնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Գալստյանը, Տոնոյանը, ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը և ՊՆ մի շարք նախկին այլ բարձրաստիճան պաշտոնյաներ անցնում են «անորակ զենքի» գործով, որով պետությանը իբրև պատճառվել է 2 մլրդ 700 մլն ՀՀ դրամ վնաս: Նրանցից ոչ մեկը, սակայն իր մեղքը չի ընդունում: Ավելին թե Գալստյանը, թե Տոնոյանը բազմիցս պնդել են գործով անցնող զինամթերքը փորձաքննության ենթարկելու վրա, սակայն նախաքննական մարմինը անհայտ պատճառներով չի համաձայնել դրան:

  • Կիսվել: