շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դատվելու եք նաև դուք, առնվազն հանցագործներին չդատելու հանցավոր անգործության համար. Մեսրոպ Առաքելյան

Դատվելու եք նաև դուք, առնվազն հանցագործներին չդատելու հանցավոր անգործության համար. Մեսրոպ Առաքելյան

Դատվելու եք նաև դուք, առնվազն հանցագործներին չդատելու հանցավոր անգործության համար։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․

«Երեկ ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են Հոկտեմբերի 27-ի համար, դատվելու են,

- Բոլոր նրանք, ովքեր հրամայեցին կազմակերպել Մարտի 1-ին ՀՀ քաղաքացիներին Երևանի կենտրոնում գնդակահարել, դատվելու են,

- Բոլոր նրանք, ովքեր զինվորի հացն են գողացել, ժամկետանց հրթիռներ են գնել, քրեական բարքեր են ներմուծել բանակ, այդպիսով թուլացնելով բանակը, դատվելու են,

- Բոլոր նրանք, ովքեր պետական գնումներին մասնակցելով իրենց խնամի-բարեկամների հետ միասին թալանել, ունեզրկել են Հայաստանի քաղաքացիներին, դատվելու են և դատվում են։

Այս խոսքերը լսում ենք արդեն հինգ տարի ու շարունակում է արդիական մնալ մի պարզ հարց՝ ե՞րբ։

Արդեն հինգ տարի է՝ Հայաստանի նորագույն պատմության քաղաքական երկու ողբերգությունները շարունակում են մնալ չբացահայտված, և չկա որևէ անձ, որը դատապարտված է այդ հանցագործությունների բացահայտման արդյունքում։

Հինգ տարի է՝ չկա դատարանի ուժի մեջ մտած գեթ մեկ վճիռ, որով գեթ մեկ նախկին պաշտոնյա դատապարտվել է թալանի համար։ Եվ այս ամենի կողքին նաև մեկ այլ հարց է առաջանում․ ու՞մ համար էր ընդունվել 2018թ․ նոյեմբերի 1-ի համաներման մասին օրենքը, որը նաև տարածվում է երկիրը թալանելու հոդվածների վրա։

Իհարկե, բոլոր հանցագործները դատվելու են, եթե կատարած հանցագործությունների վաղեմության ժամկետները ձեր շնորհիվ դեռ անցած չլինեն։ Դատվելու եք նաև դուք, առնվազն հանցագործներին չդատելու հանցավոր անգործության համար»։

  • Կիսվել: