երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դատավորը կարծես թե ինքն իր առջեւ խնդիր է դրել կամ խնդիր են դրել, որ այդ հայցը որեւէ պատրվակով մերժվի. Ալումյան

Դատավորը կարծես թե ինքն իր առջեւ խնդիր է դրել կամ խնդիր են դրել, որ այդ հայցը որեւէ պատրվակով մերժվի. Ալումյան

Նկատեցի, որ դատավոր Սերգեյ Սահակյանը տրամադրված չէր այսօր դատավարությունը շարունակել։ Այս մասին այսօ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։

«Հնարավոր է, որ դա զուտ պայմանավորված էր նրանով, որ երկուշաբթի երբ ես բացարկ հայտնեցի դատավորին, եւ ինքը ստիպված եղավ նիստը դնել ամսի 13-ին, հնարավոր է, որ ամսի 13-ին նախապես նշանակված այլ գործեր ուներ։ Այսօրվա նիստն ինչ-որ առումով անակնկալ նիստ էր եւ կողմերի համար, եւ դատավորի։ Այստեղ տեսնում եմ, որ կողմն օգտվեց տեխնիկական հնարավորությունից, միջնորդություն արեց հետաձգելու, դատարանն էլ օգտվեց առիթիվ եւ հետաձգեց»,- նշեց նա։

Ըստ Ալումյանի՝ դատարանը փորձում էր ներկայացված հայցադիմումի թույլ կողմերը գտնել. «Կարծես թե ինքն իր առջեւ խնդիր է դրել կամ խնդիր են դրել, որ այդ հայցը որեւէ պատրվակով մերժվի»։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ այդ գործով էլ պատասխանող կողմը հերքի այն, որ այդ հայտարարությունով Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին է նկատի ունեցել, փաստաբանն ասաց. «Ինքն այդ հայտարարությունն արել է եւ չի կոնկրետացրել՝ այդ հայտարարությունն ինչ կարգավիճակում է անում։ Համենայն դեպս, անձինք, որոնք լսում էին, լավ գիտեին, որ խոսում է ՀՀ վարչապետը։ Նաեւ ինքն ինչ խոսել է, տեղադրվել է վարչապետի պաշտոնական էջում։ Դե ես զգում էի, որ դատավորն ու մյուս կողմը հավասարաչափ եռանդով փորձում էին ինչ-որ ճեղք գտնել, որ հետո հնարավորություն ստանային իմ հայց դեմ մի կողմն առարկեր, մյուսն էլ հայցը մերժելու հիմքեր ստեղծել։ Բայց զգում եմ, որ դեռ իրենց մոտ չի ստացվել»։

Հիշեցնենք, որ քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու եւ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

  • Կիսվել: