հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դատավորների, դատախազների ու քննիչների կենսաթոշակներին վերաբերող նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ հանձնաժողովում

Դատավորների, դատախազների ու քննիչների կենսաթոշակներին վերաբերող նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ հանձնաժողովում

ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին: 

Նախագծի փաթեթի նպատակը դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցումն է ՍԴ որոշմանը, ինչպես նաև դատախազների ու քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանների սահմանումը:

«Սահմանադրական դատարանը որոշման հիմքում դրել է դատավորների անկախության և դրան համապատասխան իրավական կարգավիճակի առանձնահատկությունները կարգավորող մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր: Այդ փաստաղթղթերում կենսաթոշակի չափի վերաբերյալ արտահայտած դիրքորոշումներից է, որ կենսաթոշակի չափը պետք է հնարավորինս մոտ լինի որպես դատավոր նրանց ստացած վերջին աշխատավարձի չափին, կենսաթոշակի չափը պետք է գտնվի աշխատավարձի հետ ողջամիտ հարաբերակցության մեջ»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: 

Նախագծով սահմանվում է դատախազի, Հակակոռուպցիոն կոմիտեում, Քննչական կոմիտեում և ՊԵԿ-ում ինքնավար պաշտոններ զբաղեցրած անձի համար որպես կենսաթոշակի իրավունք տվող պայման սահմանել դիմումի հիման վրա, ինչպես նաև հաստիքների կրճատման, առողջական վիճակի վատթարացման հիմքով պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ ունենալը:   

Նիստին հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչն այս կետի հետ կապված խնդիրներ տեսավ: Նա անդրադարձավ պաշտոնից ազատվելու հիմքերին: 

«Պաշտոնից ազատվելու հիմք է նաև ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելը կամ 2 անգամ ատեստավորմանն անհարգելի չներկայանալը: Այս պարագայում պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ 20 տարի անբասիր աշխատած մարդը հերթական որևէ ատեստավորմանը ձախողի ու կորցնի կենսաթոշակի իրավունքը»,- ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը: 

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը համաձայնեց, որ կա խնդիր, բայց առաջարկեց այն քննարկել առաջինից երկրորդ ընթերման ժամանակահատվածում:

  • Կիսվել: