շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դատարանը հրաժարվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի միջնորդությունը մակագրել այլ դատավորի

Դատարանը հրաժարվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի միջնորդությունը մակագրել այլ դատավորի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվել է մակագրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունն այլ դատավորի։ Այս մասին հայտարարություն է տարածել Քոչարյանի փաստաբանական խումբը։

Ի պատասխան Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիմումի՝ դատարանից հիշեցրել են, որ սույն քրեական գործը գտնվում է դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում։

«Հետևաբար, նշված միջնորդության քննությունը գտնվում է բացառապես վարույթն իրականացնող մարմնի՝ գործը քննող դատավորի լիազորությունների շրջանակում», - ասված է դատարանի պատասխանում։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն իր հերթին կապ է հաստատել դատավոր Դանիբեկյանի աշխատակազմի հետ, որտեղից պատասխանել են, որ դատավորը դեռ վատառողջ է։ Աշխատակազմը տեղեկություն չուներ, թե երբ նա կկարողանա աշխատանքի գալ։

Աննա Դանիբեկյանը սովորաբար դատական նիստերը նշանակում է երեքշաբթի օրերին, սակայն մինչ այս պահը Քոչարյանի փաստաբանական թիմը չի ծանուցվել վաղվա՝ մարտի 24-ի նիստի մասին։

Սույն քրեական գործով հերթական դատական նիստը, որը նշանակված էր մարտի 17-ին, չի կայացել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Դանիբեկյանը վիրահատություն է տարել։

Մարտի 17-ին Փաստաբանական թիմը պատրաստվում էր ներկայացնել Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։

Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխարինելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

 

  • Կիսվել: