ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
Դատարանը հաշվի չառավ անձեռնմխելիությունը․ Խաչատուրովի քրեական հետապնդումը չդադարեցվեց

Դատարանը հաշվի չառավ անձեռնմխելիությունը․ Խաչատուրովի քրեական հետապնդումը չդադարեցվեց

ՀՀ ԶՈւ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառված քրեական հետապնդումը չդադարեցվեց։ Մինչ այդ Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված քրեական հետապնդումը։
 
«Յուրի Խաչատուրովը հանդիսացել է միջազգային կազմակերպության բարձրագույն պաշտոնյա, նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր ու այդ կազմակերպության կողմից օժտված էր անձեռնմխելիությամբ։ Յուրի Խաչատուրովը չէր կարող քրեական հետապնդման ենթարկվել։ Այդ անձեռնմխելիությունը միայն ՀՀ-ն չի տրամադրել, այլև բոլոր պետությունները միաժամանակ։ Պաշտպանական կողմը անհրաժեշտ է համարում հստակ հերքել մեղադրանքի կողմից հնարավոր առաջ քաշվող այն պնդումը, թե Խաչատուրովը,հանդիսանալով ՀՀ քաղաքացի, քրեական հետապնդման հարուցման պահին գտնվելով ՀՀ-ում, ֆիզիկապես չի իրականացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ուստի չէր կարող օգտվել անձեռնմխելիությունից։ Սույն պնդումը հակասում է միջազգային իրավունքների սկզբունքին»,- նշեց Պողոսյանը։
 
Պնդեց՝ այդ իմունիտետը կապված չէ անձի գտնվելու վայրից կամ կոնկրետ աշխատանքային գործունեության պահից, քանի որ նա միևնույնն է այդ պաշտոնում է։
 
Դատարանը գնաց ընդմիջման ծանոթանալու միջնորդությանը։
 
Ընդմիջումից հետո դատախազը շեշտեց, որ անձեռնմխելիությունը բացարձակ չէ ու ազդում է միայն աշխատանքային գործունեության պահին, ինչը չի եղել Յուրի Խաչատուրովի դեպքում։
Փաստաբանն առարկեց դատախազի այդ դիտարկման դեմ։
 
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը)։ ՀՀ ՍԴ-ն 2021 թ. մարտի 26-ին անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։

  • Կիսվել: