շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 19-ին ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության «Հոդված 3» մարդու իրավունքի դպրոցի սաներին:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել տուն-ինտերնատներում, խնամքի կենտրոններում և նման այլ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին, այդ համատեքստում դատախազության լիազորություններին, պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին, քրեական ենթամշակույթի դեմ պայքարում առկա մարտահրավերներին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առանձնահատկություններին, ինչպես նաև ատելության խոսքի պատժմանն ու կանխարգելմանն ուղղված քայլերին:

Դպրոցի 22 սաների հետ հանդիպմանը մասնակցել են նաև հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը և դպրոցի համակարգող Անուշիկ Մկրտչյանը:

Աննա Վարդապետյանը ողջունել է դպրոցի սաներին և շնորհակալություն հայտնել՝ հանդիպումը նախաձեռնելու համար:

Գլխավոր դատախազը քննարկման մասնակիցներին ներկայացրել է դատախազության լիազորությունները՝ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում՝ ընդգծելով, որ դատախազությունը, թեև ընդունված ընկալման տեսանկյունից սահմանափակում է մարդկանց մի խմբի իրավունքները, սակայն, դրա հետ մեկտեղ, պաշտպանում է մեկ այլ խմբի՝ տուժողների իրավունքները:

«Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ: Երբ գնում եմ մարզային այցերի, չհայտարարված այց եմ կատարում նաև տուն-ինտերնատներ և խնամքի կենտրոններ: Դա ոչ միայն իմ՝ որպես հանրապետության գլխավոր դատախազի, այլ նաև որպես ՀՀ քաղաքացու վերաբերմունքն է: Ինչո՞ւ, որովհետև ես վստահ եմ, որ դատախազությունն այն անձանց ձայնն է, ում իրական ձայնը շատ ցածր է հնչում հասարակության մեջ՝ պայմանավորված նրանց խոցելի կարգավիճակով և կյանքի դժվարին պայմաններով: Երբ խոսքը վերաբերում է տուն-ինտերնատներին և խնամքի կենտրոններին, պատճառված վնասի չափը կարևոր չէ. նույնիսկ մեկ դրամի չարաշահումը Դատախազության համար պատժելի վարքագիծ է»,- նշել է Աննա Վարդապետյանը: Այս համատեքստում, որպես օրինակ, գլխավոր դատախազն անդրադարձել է Սուրբ Զատկի տոնին Աբովյան քաղաքում գործող «Նարեկ» մասնավոր խնամքի կենտրոն կատարված չհայտարարված և չլուսաբանված այցին, ինչպես նաև Գավառի մանկատուն կատարված այցին հաջորդած պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելու գործընթացին (այցի ընթացքում մանկատանը պատկանող հարակից այգում մասնավոր սեփականություն հանդիսացող անշարժ գույք էր արձանագրվել):

Անդրադառնալով պետական և արդեն համայնքային շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է, որ պաշտոնեական դիրքի չարաշահմանն առնչվող քրեական վարույթներին զուգահեռ, օրինակ՝ երբ օտարման ոչ ենթակա տարածքը օտարվել է երրորդ անձի, Դատախազությունը հայց է ներկայացնում դատարան՝ պահանջելով այդ գույքը վերադարձնել պետությանը (համայնքին):

Աննա Վարդապետյանն, ի պատասխան քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ընթացքում առաջացող մարտահրավերները հաղթահարելու հարցին, առանձնացրել է պայքարի երկու ուղղություններ՝ քրեաիրավական խիստ գնահատական կատարված արարքին, դրա դատապարտում և հասարակության անդամների արժեքային համակարգի փոփոխմանն ուղղված աշխատանքներ:

Ատելության խոսքի, բռնության կոչերի բացառման հարցում հանրապետության գլխավոր դատախազն ընդգծել է հանդուրժողականության անհրաժեշտությունը: «Հանդուրժողականությունը մարդկության ամենամեծ ձեռքբերումներից է: Դրա շնորհիվ է, որ այսօր մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ կան իրավունքներ: Եթե բռնությանը հակազդում ես բռնությամբ, ծնում ես երրորդ բռնությունը, որն ավելի ռեպրեսիվ է լինելու: Բռնության արդյունավետ հակազդումը միայն օրենքով սահմանված անխուսափելի և արագ պատիժն է: Մեր առօրյա խոսքը՝ կենցաղում թե սոցիալական հարթակներում, պետք է լինի բարեկիրթ ու հանդուրժող: Մենք կարող ենք համաձայն չլինել զրուցակցի հետ, բանավիճել, բայց այդ ընթացքում իրար չվիրավորել, խտրական վերաբերմունք ցույց չտալ միմյանց նկատմամբ: Սա երկար ճանապարհ է, որը բոլորս պետք է սկսենք անցնել», - ընդգծել է Աննա Վարդապետյանը և պատասխանել Դպրոցի սաներին հետաքրքրող հարցերին:

  • Կիսվել: