կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դատական դեպարտամենտը տարածման նպատակով ստացել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանի հայտարարությունը

Դատական դեպարտամենտը տարածման նպատակով ստացել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանի հայտարարությունը

Այսօր Դատական դեպարտամենտը տարածման նպատակով ստացել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանի հայտարարությունը, հայտնում են Դատական դեպարտամենտից:

«Դատավորների կողմից համանման հրապարակումները ինչպես նախկինում, այնպես էլ այս դեպքում Դեպարտամենտը տարածում է առանց որևէ խմբագրման:

««Ժողովուրդ» օրաթերթի 12․03․2024 թ. «Դատական համակարգի քաոսը շարունակվում է. «գրագրության» սկանդալից հետո ԲԴԽ թեկնածու Ռուբիկ Մխիթարյանը դիմումից հրաժարվել է» հոդվածի հեղինակ Քնար Մանուկյանը, ամենայն հավանականությամբ տեղյակ չլինելով, կամ անտեսելով ԲԴԽ դատավոր անդամի թեկնածության առաջադրման կարգը, իրականության հետ ոչ մի աղերս չունեցող ենթադրություններ և եզրահանգումներ է արել՝ ակնհայտորեն ունենալով նպատակ վարկաբեկել իմ համբավը։ Հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը․

1․ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի համաձայն՝ Դատական դեպարտամենտի ղեկավարը Ընդհանուր ժողովից առնվազն մեկ ամիս առաջ քվեաթերթիկներում ներառում է բոլոր այն դատավորների անունները, ովքեր բավարարում են ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուի համար Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված պահանջները։

2․ Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Դատական դեպարտամենտի ղեկավարը դատավորի թեկնածությունը քվեաթերթիկում ներառելու մասին անհապաղ ծանուցում է համապատասխան թեկնածուին:

3․ Իսկ 6-րդ մասով սահմանված է, որ ծանուցումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում թեկնածուն կարող է դիմում ներկայացնել Դատական դեպարտամենտի ղեկավարին՝ պահանջելով իր անունը չներառել քվեաթերթիկում, ինչը և կատարել եմ ես։

Սա է ընթացակարգը։

Մնացածը հոդվածի հեղինակի ենթադրությունների , կամ որ ավելի վատ է, իրականության խեղաթյուրման դաշտից է։ Հոդվածի հեղինակը, ամենայն հավանականությամբ, սկանդալային նյութ ստանալու նպատակով՝ մեկնաբանել է փաստերն իրեն ցանկալի ձևով, չի փորձել կապ հաստատել ինձ հետ՝ ինձ վերաբերող որևէ տեղեկություն ճշգրտելու համար։ Փոխարենը որոշել է փաստերը ներկայացնել՝ նյութին մաքսիմալ ինտրիգային տոնայնություն տալու տրամաբանությամբ։

Ակնհայտ հերյուրանքներով «հարուստ» այդ հոդվածում, ի դեպ, կան այնպիսիք, որոնք մինչ այդ ևս նույն լրատվամիջոցը բազմաթիվ անգամ շրջանառել է տարբեր հրապարակումներում, և որոնք մինչ այժմ չեմ կարևորել ու որոնց չեմ արձագանքել՝ անհեթեթ լինելու պատճառով։

Վստահաբար, այսուհետ այդպիսի զրպարտանքները դուրս չեն մնալու իմ տեսադաշտից և չեն հանդուրժվելու։

Նշեմ, որ տվյալ լրատվամիջոցն առաջին անգամը չէ, որ հերյուրանքներ և մասնագիտական համբավն արատավորող տեղեկություններ է տարածում իմ հասցեին։

Հորդորում եմ լրատվամիջոցին, և կոնկրետ տվյալ հեղինակին՝ ձեռնպահ մնալ հանրությանը ապատեղեկատվություն տալու, լրագրողական էթիկային ոչ հարիր գործելակերպից։
Միևնույն ժամանակ, առաջարկում եմ ծանոթանալ ՀՀ քրեական օրենսգրքի 490 հոդվածին, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն այդօրինակ արաքների համար։

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝

Ռուբիկ Մխիթարյան»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: