երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Չպետք է թույլ տանք, որ Հայաստանը վերածվի բռնապետության. Վանեցյան

Չպետք է թույլ տանք, որ Հայաստանը վերածվի բռնապետության. Վանեցյան

Իշխանությունները բռնաբարում են արդարադատությունը։ Հասարակությունն այս դեպքում պետք է ընդվզի եւ իր գնահատականը տա ստեղծված իրավիճակում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք չենք եկել այստեղ, որ պաշտպանենք կոնկրետ ինչ-որ դատավորի, կամ էլ ինչ-որ գործ, մենք եկել ենք այստեղ խոսելու եւ պաշտպանելու արդարադատությունը։ Մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանը վերածվի բռնապետության, իսկ մենք տեսում ենք, որ իշխանությունները երկիրը տանում են այդ ուղղությմաբ՛՛:

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում քննվում է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Հավելենք, որ ի պաշտպանություն Բորիս Բախշիյանի՝ ընդդիմադիր պատգամավորները հավաքվել են դատարանի բակում։

՛՛Բոլորս պետք է հստակ գնահատական տանք տեղի ունեցող գործընթացներին, որպեսզի այս երկրում գոնե դատական իշխանությունը գործի անկախ եւ չկատարաի իշխանությունների քմահաճույքը՛՛,- նշեց Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։

  • Կիսվել: