ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չի քննարկվում ոչ Հրայր Թովմասյանի, ոչ որեւէ այլ դատավորի հարցը. Վլադիմիր Վարդանյան

Չի քննարկվում ոչ Հրայր Թովմասյանի, ոչ որեւէ այլ դատավորի հարցը. Վլադիմիր Վարդանյան

Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Իմ քայլի» նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նախագծին, ասաց, որ իրենք առաջնորդվում են ոչ թե անձնական, այլ ինստիտուցիոնալ մոտեցմամբ։ 

Նա նշեց. «Չի քննարկվում ոչ Հրայր Թովմասյանի, ոչ որեւէ այլ դատավորի հարցը, քննարկվում է ինստիտուցիոնալ մոտեցումը, ես զերծ եմ մնում որեւէ անուն տալուց։ Եթե ինչ-որ մեկը սա փորձում է դիտարկել որպես անձնական մոտեցում, ապա սա առավել քան անհեթեթ է, որովհետեւ մենք առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ սահմանադրական դատարանի շուրջ վեճը ինստիտուցիոնալ բնույթ է կրում եւ ինստիտուցիոնալ միջոցներով է կարելի հաղթահարել այդ վեճը։ Մեկ անձը պետք է պաշտոնավարի 12 տարի, այդ 9 անձնացից մեկը մեկ անգամ 6 տարի ժամկետով մյուսների կողմից պետք է ընտրվի սահմանադրական դատարանի նախագահ»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը: Նախագծին միաձայն կողմ է քվեարկել 89 պատգամավոր: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նիստին չեն մասնակցում եւ չեբ քվեարկել։

Նշենք նաեւ, որ նախագիծը իշխանություններն ուղարկել էին Վենետիկի հանձնաժողով, որն այսօր հրապարակել է իր կարծիքը։ Եզրակացության 82–րդ կետով հանձնաժողովն ափսոսանք էր հայտնել, որ Ազգային ժողովը նախագիծն օրակարգ է մտցրել այն օրը, երբ պիտի հրապարակվեր հանձնաժողովի կարծիքը, նաև նշել էր, որ ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին։ Մյուս վիճահարույց հարցը նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելն է, որը ԱԺ–ն չի արել, որը, սակայն, ըստ Վենետիկի հանձնաժողովի խորհուրդների, պետք է արվեր։

Փոփոխությունների համաձայն, ՍԴ այն դատավորները, ովքեր պաշտոնավարել են 12 և ավել տարի, կհեռացվեն ՍԴ-ից, իսկ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել, սակայն չի լինի ՍԴ նախագահ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 54 պատգամավորների կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Սահմանադրության 213-րդ հոդվածում: Ըստ այդմ, նախատեսվում է, որ դադարեցվում են ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Մնացած դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչեւ կլրանա նրանց ՍԴ դատավորի պաշտոնում 12 տարին: Բացի այդ, սահմանվում է, որ ՍԴ դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է, որից հետո ՍԴ նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է ՍԴ դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

  • Կիսվել: