կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԲՏԱ նախարարի տեղակալը՝ «Հայփոստում» արձանագրված շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումների մասին

ԲՏԱ նախարարի տեղակալը՝ «Հայփոստում» արձանագրված շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումների մասին

Խորհրդարանը քննարկեց Կառավարության ներկայացրած՝ Համաշխարհային փոստային կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային փոստային միությանy (այսուհետ՝ ՀՓՄ) անդամակցում է 1992 թվականից: ՀՓՄ-ն միջկառավարական միջազգային կազմակերպություն է և ունի Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության կարգավիճակ:

Այն երկրները, որոնք ընդունում են ՀՓՄ-ի կանոնադրությունը, կազմում են «Համաշխարհային փոստային միություն» միասնական փոստային տարածքը՝ փոստային առաքանիների փոխադարձ փոխանակման համար:

Կազմակերպությունն օգնում է ապահովել ժամանակակից փոստային կապի ծառայությունների մատուցման միասնական ցանցը, իրականացնում է խորհրդատվական, միջնորդական և փոխկապակցող դեր և անհրաժեշտության դեպքում ցույց է տալիս տեխնիկական աջակցություն: ՀՓՄ-ն սահմանում է միջազգային փոստափոխանակման կանոնները, հանձնարարություններ է տալիս փոստային ծառայությունների ծավալների աճի խթանման և հաճախորդներին ծառայությունների մատուցման որակի բարձրացման գծով:

Համաշխարհային փոստային կոնվենցիան ստորագրվել է 2021 թ. օգոստոսի 26-ին, ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ից և գործում է անորոշ ժամկետով:

Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագիրը ստորագրվել է 2021 թ. օգոստոսի 26-ին: Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ին և գործում է անորոշ ժամկետով:

«ԲՏԱ նախարարությունը նպատակահարմար է համարում Համաշխարհային փոստային կոնվենցիայի վավերացումը, խնդրում եմ հաստատել»,- ասաց հիմնական զեկուցող, ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հարց ուղղեց Սահակյանին՝ խնդրելով բացատրել, թե ինչ է տալիս, ինչ գործիքներ է ձեռք բերելու կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանը, ինչին ի պատասխան՝ նախարարի տեղակալը նշեց՝ Հայաստանն արդեն իսկ անդամակցում է Համաշխարհային փոստային միությանը, մեր երկիրը աշխատում է կոնվենցիայով, սակայն վավերացնելու ենք փոփոխությունները: 

 ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք կոնվենցիայի ընդունումից հետո անհրաժեշտություն է լինելու օրենսդրական, ենթաօրենսդրական փոփոխություններ կատարել, բացի այդ՝ խնդրեց նախարարի տեղակալին գնահատել «Հայփոստի» կողմից մատուցվող ծառայությունների վիճակը:

«Կոնվենցիան սահմանում է հարաբերությունները մյուս փոստային օպերատորների հետ, կոնվենցիան սահմանում է ծառայությունների որակի չափանիշներ, բայց անցած տարի մենք ընդունել ենք Փոստային կապի մասին օրենքի փոփոխությունները, այդ օրենքի ներքո արդեն իսկ կատարվում են համապատասխան կանոնակարգերի ձևակերպումները և կանոնակարգվում են և՛ ծառայության որակի բարելավումները, և՛ մնացած գործառույթները ոչ միայն «Հայփոստի», այլև 42 օպերատորների, որոնց տրվել է գործունեություն ծավալելու լիցենզիա»,- պատասխանեց Սահակյանը:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին՝ նշեց՝ «Հայփոստում» կատարվում են և՛ կառուցվածքային, և՛ օպտիմիզացման աշխատանքներ: Համաշխարհային փոստային միության գնահատականով՝ «Հայփոստը» անցած տարի 48-րդ հորիզոնականից բարձրացել է 40-րդ հորիզոնական, ինչը «Հայփոստի» ծառայությունների բարելավման խոսուն արդյունք է»,- ասաց ԲՏԱ նախարարի տեղակալը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը նկատեց՝ ՊՎԾ-ի ուսումնասիրության արդյունքում 4,1 մլրդ դրամի խախտումներ են հայտնաբերվել «Հայփոստում», հարց ուղղեց նախարարի տեղակալին՝ խնդրելով պարզաբանել՝ արդյո՞ք դա «Հայփոստի» լավ կառավարման նշան է:

Դավոյանը «մտահոգիչ» որակեց «Հայփոստի» վերաբերյալ հրապարակված թվերը:

«Այո՛, մենք էլ ենք տեղյակ ՊՎԾ-ի հաշվետվությանը, աշխատանքները տարվում են հաշվետվության մեջ նշված խախտումների բացահայտման ու դրանց իրավական գնահատական տալու հետ կապված, չեմ ցանկանում այստեղ քննարկել դրանց ընթացքը: Պատրաստ ենք համապատասխան ԱԺ հանձնաժողովում գալ «Հայփոստի» մեր գործընկերների հետ և մանրամասն, կետ առ կետ քննարկել բոլոր խախտումները, բայց եկեք սպասենք իրավապահ մարմինների գնահատականին»,- ասաց ԲՏԱ նախարարի տեղակալը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, հարակից զեկուցող Նարեկ Ղահրամանյանը կոչ արեց կողմ քվեարկել նախագծին:

  • Կիսվել: