կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«BMW»-ների ուղևորները թմրամոլության կասկածանքով տեղափոխվել են ոստիկանություն

«BMW»-ների ուղևորները թմրամոլության կասկածանքով տեղափոխվել են ոստիկանություն

Արմավիրի պարեկները փետրվարի 8-ին Մերձավան գյուղում ծառայություն իրականացնելիս գիշերվա ժամը 1-ին ստուգման նպատակով կանգնեցրել են մի «ԲՄՎ»: 24-ամյա արթիկցի վարորդի ու 25-ամյա մերձավանցի ուղևորի վարքագիծն Արմավիրի պարեկներին թվացել է կասկածելի: Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով նրանք ձերբակալվել ու, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին: Այստեղ էլ պարեկների կասկածները հաստատվել են. թեև անձնական խուզարկությամբ նրանց մոտ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն ըստ ուղևորի` մեքենայի սրահում կա կաթուցիչ և թղթե փաթեթ` երկուսն էլ լցված դեղնականաչավուն զանգվածով:

Նա հավելել է, որ թմրամիջոցն իրենն է, հումքն էլ ինքն է հավաքել կանեփի վայրաճ թփերից և իր օգտագործելու համար պատրաստել թմրանյութ:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Նույն օրը Մարգարայի խճուղում ծառայելիս Արմավիրի պարեկները կանգնեցրել են մեկ այլ «ԲՄՎ»: Ստուգման ընթացքում մեքենայի 25-ամյա երևանցի վարորդն ու գրեթե հասակակից ուղևորները դրսևորել են կասկածելի վարք:

Երեկոյան ժամը 9-ի կողմերը թմրամոլության կասկածանքով երեքն էլ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին: Այդ ընթացքում պարեկները նկատել են, որ ուղևորներից մեկը գցել է երեք փաթեթ:

Բացի վարորդից` մյուս երկուսի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ, նաև` բյուրեղանման զանգված, իսկ հայտնաբերված երեք կաթուցիչից երկուսում կանեփանման զանգված էր:

Երկուսն էլ հայտնել են, որ հայտնաբերվածն իրենցն է` անձնական օգտագործման համար:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում հաջորդ օրը զննություն է կատարվել Մարգարայի խճուղում: Հիշյալ «ԲՄՎ»-ից մոտ երեք մետր հեռավորության վրա հայտնաբերվել է երեք փաթեթ՝ երկուսը լցված դեղնականաչավուն, մեկը` բյուրեղանման զանվածով:

Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: