ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բերդ համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում

Բերդ համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում

Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական կեղծիքը) մասերի հատկանիշներով։ Նրա վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է»,–նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հարություն Մանուչարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործ կա նաեւ Քննչական կոմիտեում։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Մանուչարյանը 2021 թվականի նոյեմբերի 9–ին կալանավորվել էր եւ միայն 11 ամիս անց՝ հոկտեմբերին, Հակակոռուպցիոն գործերով քրեական դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց նրան։

Նշենք նաեւ, որ սեպտեմբերի 25–ին, Բերդ խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթել էր Հարություն Մանուչարյանի գլխավորած դաշինքը՝ «Զորավոր համայնքը»։ Հարությունյանը, սակայն, ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։ Այսօր նորընտիր ավագանու առաջին նիստն էր, որի օրակարգում համայնքապետի ընտրության հարցն էր։ Համայնքապետ ընտրվեց «Զորավոր համայնք» դաշինքի ընտրական ցուցակի երրորդ համարը՝ Աստղիկ Հակոբյանը։ Մանուչարյանը ձերբակալվել է նիստից ժամեր առաջ։

  • Կիսվել: