կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բաքուն, գերիներ պահելով, փաստացի մարդկանց թրաֆիքինգ է իրականացնում․ ՀՀ ՄԻՊ

Բաքուն, գերիներ պահելով, փաստացի մարդկանց թրաֆիքինգ է իրականացնում․ ՀՀ ՄԻՊ

Բաքուն առանց պատճառի գերի է պահում հայերին՝ բացառապես քաղաքական եւ ռազմական դիվիդենտների համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Օմբուդսմենն ընդգծեց, որ Ադրբեջանում գերեվարված հայերը կյանքի սպառնալիքի տակ իրենց իրավունքների լուրջ ոտնահարման են բախվում։ «Սա ամենաիսկական թրաֆիքինգ է քաղաքական հաշվարկներից։ Դա անընդունելի է եւ մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Պետք է աշխարհին ցույց տալ, որ իրականում գործ ունենք նոր ռազմական հանցագործությունների հետ։ Ադրբեջանում գերիների հետ կապված դատավարությունները ոչ այլ ինչ են, քան շղարշ, իրենց արդարացնելու փորձ,- հայտարարեց Օմբուդսմենը՝ միաժամանակ հիշեցնելով, որ միակ կառույցը, որը կարող է տեսնել գերիներին, ԿԽՄԿ-ն է։ Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր ԿԽՄԿ-ի գործունեությունը սահմանափակելու Բաքվի փորձերի մասին։

«Գերիներ պահելը եւս Ադրբեջանի խաղաղ մտադրությունների «ազնվության» ցուցիչ է։ Նրանք ոչ միայն չեն վերադարձնում գերիներին, այլեւ մեծացնում են ժողովուրդների միջեւ թշնամությունը»,- նշել է Թաթոյանը՝ ընդգծելով գերիներին վերադարձնելու համար ճնշումների ավելացման եւ կանխարգելիչ համալիր աշխատանքների անհրաժեշտությունը, որպեսզի նոյեմբերի 16-ի դեպքերը չկրկնվեն։ «Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի նրանք մոլորեցնեն համաշխարհային հանրությանը։ Եվ գործենք փաստերով»,- նշեց օմբուդսմենը։

  • Կիսվել: