շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ազատ արձակել բոլոր հայ գերիներին․ ՄԻՊ

Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ազատ արձակել բոլոր հայ գերիներին․ ՄԻՊ

Ադրբեջանը հայ գերիներին պահում է քաղաքական սակարկության նպատակով։ Այս մասին ասել է օմբուդսմեն Արման Թաթոյանը այսօր կայացած մամուլի ասուլիսում։

Պատասխանելով Երեւանում ադրբեջանցի պատգամավորի հայտարարությունների մասին հարցին, թե «բոլոր գերիներն ազատ են արձակվել», Թաթոյանը նշել է, որ ծանոթ է ցինիկ ելույթին այն մասին, որ «հակամարտությունն ավարտված է, եւ բոլոր գերիները՝ վերադարձված»։

Օմբուդսմենը հիշեցրել է, որ երկու հարցերը փոխկապակցված են, իսկ ադրբեջանական կողմը գերիների արհեստական բաժանում է կատարում մինչեւ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումն ու դրանից հետո, եւ խոշտանգումներով ցուցմունքներ է կորզում՝ հետո գերիներին «ահաբեկիչներ» անվանելով։

«Այդ բոլոր դատավարություններն ինքնին հանցագործություն են, համաշխարհային հանրության աչքում գերիներին չվերադարձնելու համար լեգիտիմ հիմնավորում ապահովելու փորձ։ Դա արվում է քաղաքական եւ ռազմական սակարկության նպատակներով։ Սկզբում հրաժարվեցին կատարել հայտարարության 8 կետ, հետո սա։ Որքան բացատրես, որ գերիներին վերադարձնելը միջազգային օրենսդրության պահանջն է, դա կախված չէ իրենց կամքից։ Հակամարտությունն ավարտված չէ։ Սա կարեւոր է, որպեսզի արձանագրվի, որ նրանք գերիներ են»,- ընդգծել է Թաթոյանը։

Որպես օրինակ նա ներկայացրել է նոյեմբերի 9-ից հետո գերված շիրակցիներին։ «Չէ՞ որ հրաձգությունը շարունակվում էր, մարդիկ էին զոհվում։ Սա հակամարտություն չէ՞։ Ատելության քաղաքականությունը հակամարտություն չէ՞։ Գյուղերի գնդակոծումը հակամարտություն չէ՞։ Նրանք կարգավիճակով գերիներ են եւ պահվում են առեւտրի նպատակով։ Ադրբեջանի պատվիրակները պետք է հիշեն այդ մասին, երբ փորձում են մոլորեցնել համաշխարհային հանրությանը։ Մենք դա թույլ չենք տա։ Կարող են հիմարեցնել սեփական հասարակությանը։ Կատարում են հանցագործություններ, հետո խոսում են խաղաղության մասին»,- ավելացրել է Թաթոյանը։

  • Կիսվել: