ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բադասյանը՝ իր՝ պարգևավճար ստանալու և «մետրոյի աղջկա» մասին

Բադասյանը՝ իր՝ պարգևավճար ստանալու և «մետրոյի աղջկա» մասին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ պարգևավճարներին և ասաց, որ  ստացել է այնքան պարգևավճար, որքան որ նախատեսված է մյուս նախարարների համար` միասնական մոտեցմամբ:

Նա նշեց. «Ավելի գումար չեմ ստացել: Երբ հայտարարագիրը հրապարակվի, բոլոր տվյալները կլինեն»:

Բադասյանը խոսեց նաև ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագծի մասին և ընդգծեց, որ այն կառավարության որդեգրած կոռուպցիայի դեմ պայքարի հերթական միջոցն է: «Օրենքով, բավականին պատշաճ մակարդակով պաշտպանվում է բարեխիղճ ձեռքբերողների շահերը։ Եթե անձը ինչ-որ շրջանում ձեռք է բերել գույք՝ չիմանալով, որ դա կոռուպցիոն գործարքով է ձեռք բերվել սկզբնական վաճառողից, վերջինից այդ գույքը չի կարող բռնագանձվել»,-ասաց նա:

Նախարարի խոսքով՝ օրենքի գլուխներից մեկը կապված է գույքի կառավարման հետ խնդիրներին: Ուսումնասիրության վերջնական ժամկետը, ըստ նրա, 10 տարի կլինի։  

Բադասյանն անդրադարձավ նաև վարչապետի հետ մետրոյում տեղի ունեցած միջադեպին՝ Այո-ի քարոզարշավի ժամանակ, երբ մետրոյում մի աղջիկ պատռեց Այո-ի բուկլետն ու նետեց Փաշինյանի ուղղությամբ: «Կարծում եմ, որ վարչապետն այդ միջադեպին լավագույն գնահատականը տվել է և մեր քաղաքացիները հնարավորություն ունեցան տեսնելու նոր կառավարության արժեհամակարգը, թե ինչպես վերաբերել նմանատիպ ակցիաներին»,-ասաց նախարարը:

Նախարարը խոսեց նաև մասնավորապես այդ աղջկա անձնական տվյալները կայքերում հայտնի դառնալու մասին և որ, ընդհանուր առմամբ անձնական տվյալների պահպանումը խնդիր է և դա որոշ դեպքերում կարող է լինել քրեորեն պատժելի:

Նրա խոսքով՝ պաշտոնատար անձինք պետք է ավելի լայն քննադատության օբյեկտ լինեն, սակայն ասվածը չի վերաբերում վիրավորանքին, և զրպարտությանը:

Այս առնությամբ նա անդրադարձավ նաև վեթինգին՝ ասելով, որ խոսվել է պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգման մեխանիզմներ դնելու մասին, որը տարբեր երկրներում, տարբեր կերպ են անվանում: Բադասյանը նշեց. «Երբ խոսում ենք վեթինգի տարատեսակի մասին, անպայման է օրենքի անունը լինի՞ վեթինգի մասին օրենք: Տարբեր մեխանիզմներ կան, Դատական օրենսգիրքն առաջին ընթերցմամբ ընդունվեց և այնտեղ բարեվարքության ստուգման որոշ մեխանիզմների մասին է խոսվում»:

  • Կիսվել: