երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումները

Քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումները

Քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումները, որի հեղինակը Կառավարությունն է: Նախաձեռնության նպատակն է կրճատել փաստաթղթաշրջանառությունը և խնայել դրա վրա ծախսվող նյութական ու մարդկային ռեսուրսները:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի խոսքով՝ հարկային մարմնի կողմից տրվող կամ հարկ վճարողի անձնական գրասենյակից ներբեռնվող բազմաթիվ փաստաթղթեր տարբեր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայացնելիս հաճախ պահանջվում է, որ դրանք լինեն կնքված կամ ստորագրված հարկային մարմնի կողմից: Քանի որ գործընթացը ժամանակատար է, գործադիրն առաջարկում է նոր լուծումներ՝ փաստաթղթերի վրա QR կոդի (մեքենայական ընթերցվող պատկեր) ներմուծում:

«Այն դեպքում, երբ հարկ վճարողն փաստաթուղթ, դա կներբեռնվի QR կոդով, որը կճանաչվի այն մարմինների կողմից, որտեղ կներկայացվի այդ փաստաթուղթը»,- ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ընդգծել է զեկուցողը:

Ըստ Արթուր Մանուկյանի՝ քանի որ ներդրվող նոր համակարգը ժամանակատար է, առաջարկվում է, որ օրենքն ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի 1-ից:

Կարևորելով նախաձեռնության ընդունումը՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է. «Դեպքեր են լինում, երբ ընդունում ենք կարգավորումներ, հետո պարզվում է, որ համակարգը կիրառման տեսանկյունից տեխնիկապես պատրաստ չէ կամ անհրաժեշտ է լինում վերանայել ժամկետը: Արդյոք հստակ ժամկետ սահմանելով՝ հաշվի առնվե՞լ են այն հնարավոր դժվարություններն ու խնդիրները, որոնք կարող են առաջանալ»:

Ի պատասխան՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը նշել է, որ հաշվարկվել է այն անհրաժեշտ ժամանակը, որը կծախսվի վերոնշյալ համակարգն ունենալու համար: Զեկուցողի խոսքով՝ համապատասխան տեխնիկական հարցերի կարգավորման ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում և ստացել դրական եզրակացություն:

  • Կիսվել: