կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բացահայտվել են Միասնական սոցիալական ծառայության պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր. նրան մեղադրանք է ներկայացվել

Բացահայտվել են Միասնական սոցիալական ծառայության պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր. նրան մեղադրանք է ներկայացվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պաշտոնատար անձը մի շարք անձանց համար թոշակավորման փաստաթղթեր ձևակերպելու համար 2023 թվականի նոյեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում նրանցից որպես կաշառք պահանջել և ստացել է տարբեր չափի գումարներ։

Մասնավորապես՝ պարզվել է, որ Ս. Հ.-ն, զբաղեցնելով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից մեկի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը, իրենց դիմած կնոջ կենսաթոշակի գործի կազմման համար նրա ամուսնուց պահանջել և իր աշխատասենյակում ստացել է ընդհանուր 400.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, Ս. Հ.-ն մեկ այլ անձի կենսաթոշակի գործին վերաբերող համապատասխան փաստաթղթերը ձևակերպելու համար 2023 թվականի նոյեմբերին նրանից ստացել է 60.000 ՀՀ դրամ կաշառք:

Մեկ այլ դրվագով պարզվել է, որ Ս. Հ.-ն երկքաղաքացի անձի համար թոշակավորման փաստաթղթեր ձևակերպելու համար նրա ընկերոջից պահանջել է մեկ տարվա կենսաթոշակի չափով, ընդհանուր՝ 432.000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ս. Հ.-ն, կաշառք ստանալու պատրվակով իր իշխանական լիազորություններն օգտագործելով, մեկ այլ թոշակառուի օգտին իբրև թե ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ կենսաթոշակի գործի կազմման, այդ գործում վերջինիս աշխատանքային ստաժի տևողության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներառելու համար պահանջել է մեկ տարվա կենսաթոշակի չափով գումար: Արդյունքում, պայմանավորվածության համաձայն, Ս. Հ.-ն նրանից ստացել է 300.000 ՀՀ դրամ :

Վերը նշված հանցավոր արարքների համար Ս. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի մասի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: