երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բացահայտվել է ամուսների կողմից առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության և փողերի լվացման դեպք․ նրանց մեղադրանք է ներկայացվել

Բացահայտվել է ամուսների կողմից առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության և փողերի լվացման դեպք․ նրանց մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին և 264-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող՝ 1989թ․ծնված Մ․ Ս․–ի և 1997թ․ ծնված Ա․ Հ․–ի նկատմամբ։ Վերջիններս ձերբակալվել են և միջնորդություններ են ներկայացվել դատարան նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։ Դատարանի կողմից մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։

Քրեական վարույթի ընթացքում խուզարկություններ են կատարվել մեղադրյալների փաստացի բնակության հասցեում, ինչպես նաև նրանց կողմից շահագործվող ավտոմեքենաներում։ Արդյունում առգրավվել է թվով 25 հատ փաթեթներում առանձնացված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, կշեռքներ, թմրամիջոցների իրացմամբ զբաղվելու համար նախատեսված այլ տարատեսակ առարկաներ, ձեռագիր գրառումներ պարունակող նոթատետրեր, կտրոններ, ինչպես նաև 40-ից ավելի տարատեսակ պլանշետներ, դյուրակիր համակարգիչներ և բջջային հեռախոսներ։  

Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ամուսինները 2020-2023 թվականների ընթացքում «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում զբաղվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացմամբ, ինչի համար ստեղծել են «Շուկա» անվամբ հարթակը, և իրականացրել դրա կառավարումը։ Կառավարումն իրականացրել են ինչպես անձամբ, այնպես էլ որպես ադմինիստրատորներ հանդես եկող տելեգրամյան օգտատերերի միջոցով։ Ընդհուպ՝ հանցավոր գործունեությանն առավել համակարգված բնույթ հաղորդելու նպատակով ընդունվել և հաստատվել է էջի գործունեության «կանոնադրություն», իսկ գործունեություն իրականացնող էջերի և գնորդների միջև առաջացած անհամաձայնությունները լուծելու համար հարթակում ընդգրկվել են «արբիտրի» կարգավիճակ ունեցող անձինք, որոնց տրվել է վեճերն ուսումնասիրելու և որոշումներ կայացնելու հնարավորություն։

   Հարթակի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն կատարելու համար ամուսինների կողմից հիմնականում ռուսաստանյան, ամերիկյան, վիետնամական, ինդոնեզական և պակիստանյան բջջային օպերատորների կողմից սպասարկվող բջջային հեռախոսահամարների միջոցով «Telegram» հավելվածում ստեղծվել և կառավարվել են «Պոլետտայի Սնկեր» անվամբ @polettayisnker_operator հղմամբ, «Weed.am» անվամբ  @Weed_am հղմամբ, «WeedLife» անվամբ «@Weed_life420» հղմամբ, «Կանաչի» անվամբ @KanachiYVN հղմամբ, ինչպես նաև շուրջ 59 այլ հղումներով ու անվանումներով խանութ հարթակները։

Վերոնշյալ բոլոր հարթակների կառավարումն իրականացվել է մեղադրյալներից խուզարկությամբ առգրավված 20–ից ավելի՝ կորպորատիվ ընդհանուր բնորոշիչ՝   պատկերանշան ունեցող պլանշետների միջոցով։

Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ վերջիններս թմրամիջոցների վաճառքի արդյունքում գումարներն ստացել են իրենց կողմից կառավարվող և պարբերաբար փոփոխվող կրիպրոարժութային դրամապանակներին, ապա, դրանք փոխակերպելով ՀՀ դրամի, փոխանցել են ՀՀ տարածքում գործող վճարահաշվարկային համակարգերում իրենց կամ իրենց փոխկապակցված անձանց անուններով բացված դրամապանակներին։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցների և դրանից ստացված գումարների շրջանառության և փողերի լվացման ամբողջական ծավալները պարզելու ուղղությամբ։

Վերոնշյալ բոլոր խանութ հարթակների էջերը և դրանցով կատարված գործողությունների, վարված նամակագրությունների վերաբերյալ տեղեկությունները գտնվում են ՀՀ քննչական կոմիտեի լիարժեք տիրապետման և տեսանելիության պայմաններում։

 

  • Կիսվել: