շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանի որդիների եւ հորեղբոր վեճին միջամտել են քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներ. «Ժողովուրդ»

ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանի որդիների եւ հորեղբոր վեճին միջամտել են քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր լրագրողական թիմը պարզել է, որ ՀՀ սնանկության դատարանի վարույթում քննվող՝ Արմեն Հակոբյանի անունից «Գարանտսերվիս» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու վերաբերյալ գործով որոշում է կայացվել՝ ի օգուտ ընկերությանը։ Արմեն Հակոբյանը պարզաբանեց, որ ՀՀ սնանկության դատարանը մերժել է իր դիմումը և կայացրել է վտանգավոր դատական ակտ։ Նրա կարծիքով՝ հավանաբար Հրայր Հակոբյանի ընկեր Ռուբեն Հայրապետյանը, որը բոլորին հայտնի է Գազի Ռուբո մականվամբ, օգտագործել է իր կապերը նման որոշում ստանալու համար։ Նա հավելեց նաև, որ վերջերս Հրայր Հակոբյանն իր եղբոր՝ Վերսանդիկ Հակոբյանի որդիների հետ ունեցած վեճերը փորձում է լուծել այլ անձանց, այդ թվում՝ Ռուբեն Հայրապետյանի միջոցով։

Հիմնավոր կասկածներ ունենալով՝ Արմեն Հակոբյանը չցանկացավ փակագծերը բացել և նշեց միայն, որ իր ու իր եղբոր կյանքը վտանգված է, և որ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչները չեն, որ պետք է իրենց հարցերին լուծում տան։

Ի պատասխան «Գարանտսերվիս» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու վերաբերյալ մեր հարցերին՝ Արմեն Հակոբյանը ՀՀ սնանկության դատարանի որոշումը «խայտառակություն» որակեց և իր հույսը կապում է ՀՀ վերաքննիչ դատարանի հետ։ Նա միաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթին մեղադրեց ընտանեկան հարցերը հանրայնացնելու և իրենց անդորրը խաթարելու համար՝ հավելելով, որ մեր աշխատանքը, ըստ էության, ոչնչով չի տարբերվում իր հորեղբոր՝ Հրայր Հակոբյանի գործելաոճից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: