շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ազգային անվտանգության ծառայությունում կներդրվի կամավոր ատեստավորման համակարգ

Ազգային անվտանգության ծառայությունում կներդրվի կամավոր ատեստավորման համակարգ

Ազգային անվտանգության ծառայությունում կներդրվի կամավոր ատեստավորման համակարգ։

Կառավարության հերթական նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։

ԱԱԾ տնօրենը նշեց, որ նախագծի նպատակը Ազգային անվտանգության մարմիններում ատեստավորման նոր համակարգի ներդրումն է, դրա արդյունքում առավել բարձր վարձատրության նախատեսումը, ինչպես նաև ծառայողների մասնագիտական պատրաստվածության պատշաճ մակարդակի ապահովումը:

«Մասնավորապես, Ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման և վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում կհաշվարկվի հավելավճար, ընդ որում՝ նշված պաշտոնները զբաղեցնող ծառայողներն ատեստավորմանն առաջին անգամ կմասնակցեն կամավորության սկզբունքով: Յուրաքանչյուր հաջորդ ատեստավորումը կիրականացվի երեք տարին մեկ անգամ: Ատեստավորման բացասական արդյունքի դեպքում ծառայողը կրկին ատեստավորում անցնելու համար մեկ տարվա ընթացքում երկու անգամ դիմելու հնարավորություն կունենա: Օրենքի նախագծի համաձայն՝ ատեստավորման ընթացակարգը, հաշվարկվող հավելավճարների չափերն ու վճարման կարգը սահմանվելու են Կառավարության որոշմամբ»,- ասաց Աբազյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինչպես բանակում, այնպես էլ ԱԱԾ-ում ատեստավորման գործընթացի նպատակադրումը նույնն է՝ աշխատավարձերի առնվազն կրկնապատկում:

«Մենք այս փուլում այս գործընթացն այս տրամաբանությամբ իրականացնում ենք այն մարմիններում, որտեղ իրականացվում է մարտական ծառայություն»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: