կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Այս ամենը փաստում է նպատակաուղղված էթնիկ զտումների քաղաքականության մասին, որն իրականացվել է Ադրբեջանի կողմից

Այս ամենը փաստում է նպատակաուղղված էթնիկ զտումների քաղաքականության մասին, որն իրականացվել է Ադրբեջանի կողմից

«Մարդու իրավունքների խախտումը 44-օրյա պատերազմի ընթացքում» զեկույցի ներկայացման ժամանակ այսօր «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» նախագահ Գենյա Պետրոսյանը ներկայացրեց փաստեր՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախում արգելված զենքի օգտագործման վերաբերյալ։

Նրա խոսքով՝ հրկիզող զենքի կիրառման բազմաթիվ փաստեր են հավաքագրվել, այդ տվյալները համադրվել են բազմաթիվ այլ տվյալների հետ։ Արցախի համայնքների բնակիչները հայտնել են, որ անձամբ ականատես են եղել հրկիզող զենքի կիրառմանը կամ զգացել են դրա հետևանքները։ Այդ թվում՝ խաղաղ բնակիչները ստացել են այրվածքներ։ Ըստ Գենյա Պողոսյանի՝ առանց հստակ ռազմական անհրաժեշտության հրկիզող զենքի կիրառումը հանդիսանում է պատերազմական հանցագործություն, Ժնևյան կոնվենցիաների, մարդասիրական միջազգային իրավունքի խախտում և ենթակա է որակման՝ որպես պատերազմական հանցագործություն։ Առավել ևս սա պատերազմական հանցագործություն է, եթե հաշվի առնենք, որ Արցախի անտառները համարվում են մարդկանց կենսական գոյատևման աղբյուր։

Այդ գործողություններով խաթարվել է այդ համայնքների կենսունակությունը, և այս ամենը փաստում է նպատակաուղղված էթնիկ զտումների քաղաքականության մասին, որն իրականացվել է Ադրբեջանի կողմից։ Ըստ գնահատականների՝ հրկիզող զենքն ըստ էության Արցախի բոլոր շրջաններում է կիրառվել, դրա հետևանքով այրվել է ավելի քան 1800 հա անտառային տարածք։ «Ականատեսների վկայություններով հրկիզող զենքի նկարագրությունները հանգում են հետևյալ բնութագրումներին՝ երկնքից թափվող կրակի, աստղերի, օրեր շարունակ այրվող անտառների, ամբողջ գյուղը ծխով պատված լինելու, անտառների վրա թափվող կրակի նկարագրություններին։ Դրանք տեսագրություններով ապացուցվում են, համապատասխանում են այլ հակամարտությունների ժամանակ կիրառված հատկապես սպիտակ ֆոսֆոր պարունակած զենքի արտաքին նշաններին։ Նշված փաստերը հաստատվում են նաև OSINT խմբի փորձագետների հետևություններով»,- ասաց Գենյա Պողոսյանը։

  • Կիսվել: