Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում, դատարանը անձեռնմխելիությունը համարեց հաղթահարված
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց չփոխվեց. նա կմնա տնային կալանքի տակ ևս երկու ամիս։
Նիստի նախագահող Կարեն Ֆարխոյանը մերժեց պաշտպանների միջնորդությունը։
«Գործը հիմնական դատալսումների փուլում է։ Արթուր Սարգսյանը գործող ԱԺ–ի պատգամավոր է, այս ԱԺ–ն գործելու է մինչև 2026 թվականին օգոստոսի 2–ը, այսինքն` անընդհատության սկզբունքը չի խախտվել։ Սահմանադրական դատարանի նախադեպային վճիռներն այս գործին չեն վերաբում, քանի որ ձեր ասած օրինակների պարագայում անձը գործող պատգամավոր չի եղել։ Անձը կմասնակցի ԱԺ նիստերին` ոստիկանության ուղեկցությամբ։ Ձեր միջնորդության հիմքերը կարող են քննվել հետագայում, երբ կրկին քննվի նրա խափանման միջոցի հարցը»,– ասաց Ֆարխոյանը։
Մինչ այդ Սարգսյանի փաստաբանները հիշեցրին, որ իրենց պաշտպանյալն արդեն ԱԺ 9–րդ գումարման պատգամավոր է և կրկին ունի անձեռնմխելիության մանդատ՝ հղում անելով Սահմանադրական դատարանի նախադեպային որոշումներին։
«Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ԱԺ-ի համաձայնությամբ։ Արթուր Սարգսյանն արդեն երկու օր է՝ անօրինական սահմանափակման մեջ է»,– ասաց փաստաբաններից Արամ Վարդևանյանը։
Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը հակադարձեց՝ հայտարարելով, որ ԱԺ 8–րդ գումարման լիազորությունները դեռ չեն ավարտվել, իսկ գործող ԱԺ–ն տվել է նրան անձեռնմխելիությունից զրկելու թույլտվություն։
«Սահմանադրական արգելքը հաղթահարված է, պաշտպանների միջնորդությունը՝ առարկայազուրկ։ Նոր ԱԺ–ն չի կարող զրոյացնել նախորդ ԱԺ–ի ընդունած որոշումներն ու օրենքները»,– նշեց հանրային մեղադրողը։
Ինքը՝ Արթուր Սարգսյանը, հայտարարեց, որ չի զարմանում դատախազների, ինչպես ինքը որակեց, ապօրինի պնդումներից։ Նա կրկին հայտարարեց, որ ինքը կալանքից չի վախենում, և մանդատն էլ զուտ պայքարի միջոց է։
«Պատմությունը հինգ տարին մեկ կրկնվում է. 2021-ի դեկտեմբերի 10-ին Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա ազատ եմ արձակվել կալանավայրից։ Իմ պայքարն օրենքի համար է։ Մանդատով թե առանց մանդատի՝ իմ պայքարը շարունակվելու է»,– հայտարարեց Արթուր Սարգսյանը։
Նշենք, որ Արթուր Սարգսյան 8–րդ գումարման ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր է։ Հունիսի 7–ին կայացած ընտրություններով նա կրկին ընտրվեց պատգամավոր` «Հայաստան» դաշինքի ցուցակով։ Օգոստոսի 2–ին նոր ԱԺ–ն կստանձինի իր լիազորությունները։



