Առնվազն տարակուսելի է, որ գլխավոր դատախազը, քաջատեղյակ լինելով վերը նշված քրեադատավարական նորմերին, նման կերպ է արձագանքել․ Հակակոռուպցիան կոմիտեն՝ Հովիկ Աբահամյանի տան վաճառքի մասին
Հակակոռուպցիոն կոմիտեն արձագանքել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կալանքի տակ գտնվող շքեղ առանձնատան վաճառքին և այդ առթիվ ՀՀ գլխավոր դատախազի արձագանքին։
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`«Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից»: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան 3 օր հետո: Ընդ որում, վերը նշված որոշումների բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը: Հետևաբար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը պարտավոր էր առաջնորդվել բացառապես օրենքով և կատարել դատարանի որոշումը։ Ի դեպ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի, համարվում է հանցագործություն։ Այսպիսով, առնվազն տարակուսելի է, որ գլխավոր դատախազը, քաջատեղյակ լինելով վերը նշված քրեադատավարական նորմերին, նման կերպ է արձագանքել: Հակակոռուպցիոն կոմիտեն գործում է միայն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իսկ օրենքից տեղյակ կամ անտեղյակ սուբյեկտների անհիմն, ականջահաճո արտահայտությունները չեն կարող ազդեցություն ունենալ օրինականության սկզբունքին անշեղ հետևելու կոմիտեի կամքի վրա և ստվերել նրա գործունեությունը»- հայտնում են ՀԿ-ից։
Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հարցերին ի պատասխան ասել էր, թե գլխավոր դատախազությունում նույնպես տարակուսած են, քանի որ իրենց էլ հայտնի չէ, թե ինչպե՞ս վաճառվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող Մոնումենտի առանձնատունը:
Հիշեցնենք՝ Հովիկ Աբրահամյանի կալանքի տակ գտնվող Մոնումենտի առանձնատունը գնել է Նարեկ Նալբանդյանը, ով վերջրս գնել է նաև Ծաղկաձորի Գոլդեն փելիս» հյուրանոցը 5 միլիարդ դրամով։
«Առայժմ մենք էլ ենք տարակուսած, որովհետեւ դա մեզ հայտնի չի եղել եւ մենք հիմա ձեռնարկում ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի դրա բոլոր հանգամանքները պարզենք, իսկ մեղավորները դրա համար կենթարկվեն պատասխանատվության»,- ասել է Արթուր Դավթյանը։
Լրագրողի դիտարկմանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննի՞չն է մեղավոր, Արթուր Դավթյանն արձագանքել է. «Դատարանն է այդպես որոշել, դատական ակտը մեր կողմից բողոքարկվել է, եւ առանց բողոքարկման արդյունքներին սպասելու է գործարքը կայացել»։