հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արմեն Խաչատրյանը՝ դատավորների ծանրաբեռնվածության, ցածր աշխատավարձի և ուշացած դատական ծանուցումների մասին

Արմեն Խաչատրյանը՝ դատավորների ծանրաբեռնվածության, ցածր աշխատավարձի և ուշացած դատական ծանուցումների մասին

Դատական համակարգից սպասումները բավականին մեծ են, և թվում է, որ երբ սպասումներն ի կատար չեն ածվում, անընդհատ ցեխ է շպրտվում այդ համակարգի վրա: ԱԺ-ում դատավորի թափուր պաշտոնների համար առաջադրված թեկնածուների ընտրության ժամանակ նման կարծիք հայտնեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Պատգամավորը նաև թվեր հրապարակեց դատավորների ծանրաբեռնված աշխատանքի վերաբերյալ. «Օրինակ՝ 1-ին ատյանի դատավորի աշխատավարձը տատանվում է 400-500 հազար դրամ: Պատկերացնո՞ւմ եք՝ 400-500 հազար դրամ դատավորի աշխատավարձ»:

Արմեն Խաչատրյանը հիշեցրեց, որ, ճիշտ է, աշխատավարձի բարձրացում նախատեսվում է, բայց դա էլ բավարար չէ՝ հաշվի առնելով դատավորների ծանրաբեռնվածությունը: Օրինակ՝ առաջին ատյանի դատավորների միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 4000-5000 գործ:

«Այստեղ ունենք դատավորներ նստած, որոնց վարույթում 5000 գործ կա: Պատկերացնո՞ւմ եք՝ 5000 գործ: Ամեն գործը համարենք, որ մոտ մի 100 թերթ է, 50 հազար էջ դատավորը պետք է կարդա մի որոշակի ժամանակվա ընթացքում, կայացնի դատական ակտեր, ծանուցումներ ապահովի և այլն»,- ասաց պատգամավորը՝ նկատելով, որ 4000 գործի դեպքում քարտուղարը մոտ 8000 ծանուցում պետք է անի:

Ըստ Արմեն Խաչատրյանի՝ պատշաճ չեն իրականացվում նաև փոստային առաքումները. «Եղել են դեպքեր, որ դատական նիստի ծանուցման մասին ծանուցագիրը մարդը չի էլ ստացել: 1 ամիս անց պարզվել է՝ մարդը չի ստացել: «ՀայՓոստը» չի առաքել, և այդ առաքումների 30 տոկոսն է միայն, որ նպատակին է ծառայում և հասնում է հասցեատիրոջը»:

  • Կիսվել: