Արմեն Աշոտյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արթուր Նահապետյանի կողմից
Արմեն Աշոտյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արթուր Նահապետյանի կողմից: Բողոքի քննությունը կանցկացվի գրավոր. դատավորը չցանկացավ իրականացնել բանավոր քննություն: Որոշումը կկայացվի հուլիսի 17-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Իմ խորին համոզմամբ, որևէ նշանակություն չունի, թե այդ դատարանի կոնկրետ որ դատավորն է իրականացնելու իմ բողոքի քննությունը, որովհետև ով էլ լինի, բողոքը մերժելու է, քանի որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է և նրա անազատության մեջ հայտնվելու իրական և միակ հեղինակը բոլորին հայտնի է:
Սակայն դատավոր Արթուր Նահապետյանի ընտրությունը, մեղմ ասած զարմանալի է:
Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անմիջական իրականացնողը դա ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քարամյանն է, ով խիստ «պատահական» զուգադիպությամբ հանդիսանում է դատավոր Ա.Նահապետյանի մտերիմ ընկերը և քավորը:
Դեռ ավելին, եթե համեմատենք Ա.Քարամյանի և Ա.Նահապետյանի վերջին 5 տարիների կենսագրությունը, ապա ակնհայտ կդառնա, որ նրանք ոչ միայն ընկերներ են, այլ խիստ փոխվստահություն վայելող ընկերներ են, քանի որ Ա.Նահապետյանը «պատահական» զուգադիպությամբ աշխատել է Ա.Քարամյանի գլխավորած բոլոր հիմնարկներում:
Շիրակի դատախազության շենքում ձևավորված այս ընկերությունը, հետագայում՝ քավոր-սանիկությունը, իհարկե, վատ բան չէ, եթե այն փաստացի չդառնար մարդկանց քաղաքական հետապնդումների ենթարկելու մի օղակ:
Հետաքրքիր է, որ Արմեն Աշոտյանի դեպքում այդ ակնհայտ ապօրինի և քաղաքական հետապնդումը համեմվում է նաև քավոր-սանիկական «կծու պղպեղով»»: