երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Առերեսման ժամանակ ծաղրել են փաստաբաններին, հետո արդեն միջանցքում ծեծել ու հայհոյել. Արա Զոհրաբյան

Առերեսման ժամանակ ծաղրել են փաստաբաններին, հետո արդեն միջանցքում ծեծել ու հայհոյել. Արա Զոհրաբյան

Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում մեր գործընկեր փաստաբանների նկատմամբ կիրառվել է բռնի ուժ, հայհոյանքներ, խոչընդոտել են իրենց մասնագիտական  գործունեությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:

«Ըստ էության, որոշ պաշտոնատար անձինք, որոնք աշխատում են ոստիկանության համակարգում, մոռանում են, որ փաստաբանն ունի բացառիկ առաքելություն, որը երաշխավորված է Սահմանադրությամբ:

Ես դետալների մեջ չեմ մտնի, ուղղակի կհայտարարենք, որ անելու ենք ամեն ինչ մեր գործընկերի խախտված իրավունքները պաշտպանելու համար: Այս երեւույթները ստվերում են փաստաբանական ինստիտուտը»,-ասաց նա:

Իր հերթին Փաստաբանների պալատի նախկին նախագահ, այժմ «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանն ասաց. «Անչափահասներին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու եւ բերման ենթարկելու փաստով մեր գործընկերներ գնացել են անչափահասի առերեսմանը, որը պետք է առերեսվեր ոստիկանության օպեր աշխատողի հետ: Էրեբունւ բաժնում հոգեբանական ճնշում են փորձել գործադրել  փաստաբանների նկատմամբ, փաստաբանին ծաղրել են առերես հարցաքննության ժամանակ, հետո էլ սադրանքի արդյունքում դուրս են հանել եւ միջանցքում ոստիկաններով հարձակվել ծեծել են, հայհոյյել: Մյուս փաստաբանը ձայների վրա դուրս է եկել, նրան էլ են ծեծել, հայհոյել:

Երեկ նաեւ փաստաբանների պալատի նախագհն է գնացել դեպքի վայր, տեղում փորձել են արդարանալ, որ փաստաբանը վիրավորական խոսք է հնչեցրել, դրա համար, ըստ իրենք,  իրենք իրավունք ունեն  պատժելու: Նույնիսկ եթե ընդունենք, որ փաստաբանը վիրավորական խոսք է ասել ոստիկանին, դրա համար կա փաստաբանների պալատ, որտեղ կարող էին դիմել: Եթե հանցագործություն էր պարունակում մեր գործընկերոջ արարքը, ի վերջո, կա քրեադատավարական  ընթացակարգ: Ի՞նչ է նշանակում փողոցային հասկացողություններով փաստաբաններին ծեծել: Սա անընդունելի արարք է»,-ասաց Արա Զոհրաբյանը:

Նա կոչ արեց ՀՀ ոստիկանապետին, ՆԳ նախարարին արագ միջոցներ ձեռնարկել. «Այն բոլոր ոստիկաններին, որոենք ներգրավված են եղել ծեծելու գործընթացի մեջ, պետք է կոնկրետ գնահատական տրվի նրանց արարքին, քրեաիրավական գնահատականից զատ, նրանց լիազորությունները առնվազն պետք է կասեցվի: Նրանք չեն կարող ոստիկան լինել»,-ասաց Զոհրաբյանը:

Նշենք, որ ոստիկանության Էրեբունու բաժնում բռնության ենթարկված փաստաբաններն են Մարզպետ Ավագյանը եւ Էմանուել Անանյանը:

 

  • Կիսվել: