չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արդարադատության նախարարությունն արդեն ունի ՀՀ-ում նոր կալանավայրի վերջնական մոդելը․ նախարար

Արդարադատության նախարարությունն արդեն ունի ՀՀ-ում նոր կալանավայրի վերջնական մոդելը․ նախարար

Արդարադատության նախարարությունն արդեն ունի Էրեբունի վարչական շրջանում կառուցվելիք նոր կալանավայրի վերջնական մոդելը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
 
Նա պատմեց, թե ինչ փուլում է այս պահին գտնվում ՀՀ-ում նոր կալանավայրի կառուցման գործընթացը։
 
«Հայտարարված մրցույթ կա, հաղթող ընկերություն կա, հիմա հողատարածքի վերաբերյալ երկրաբանական և գեոդեզիական եզրակացության կազմման փուլում ենք։ Ամենայն հավանականությամբ, 2-3 ամսվա ընթացքում եզրակացությունը պատրաստ կլինի», - ասաց Գրիգոր Մինասյանը։
 
Նախարարը հավելեց, որ դրանից հետո էլ կհայտարարվի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման մրցույթ։
 

«Նաև բանտերի բեռնաթափմանն ուղղված մի քանի միջոցառում ենք արել, և դրա ամենակարևոր ձեռքբերումը՝ տարվա նոու-հաուն, պրոբացիայի ծառայության կերպարանափոխումն է հատուկ ծառայության, և առաջին անգամ ՀՀ-ում տնային կալանքի և վարչական հսկողության ինստիտուտի ներդրումն է»,- ասաց նա:

Նախարարը ներկայացրեց նաև նոր մոդելի ներդրման օգուտները քրեակատարողական հիմնարկների բեռնաթափման գործում:

«2023 թվականին 860 տնային կալանք և վարչական հսկողություն է իրականացվել, այսինքն՝ 900 մարդ չի հայտնվել բանտում, և մեր դատավորներին հնարավորություն է տրվել, տնային կալանք և վարչական հսկողություն կիրառելով, այդ մարդկանց չտանել բանտերը: Դա ոչ միայն բեռնաթափմանն է ուղղված, այլև շատ կարևոր միջոցառում է՝ վերասոցիալականացմանն ուղղված»,- ասաց Մինասյանը:

  • Կիսվել: