ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արարատի մարզի 49-ամյա բնակիչը կալանավորվել է՝ նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով․ ՔԿ

Արարատի մարզի 49-ամյա բնակիչը կալանավորվել է՝ նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արարատի մարզի 49-ամյա բնակչի կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2021 թվականի դեկտեմբերի 12-ին` ժամը 23:00-ի սահմաններում, 49-ամյա տղամարդը, գնալով նախկին կնոջ բնակության վայր, ընտանեկան անախորժությունների պատճառով վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում իր հետ նախապես վերցրած  ինքնաշեն դանակով, նախկին կնոջը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մեկ անգամ հարվածել է վերջինիս որովայնի առաջային  հատվածին, սակայն դանակի սրածայրը կոտրված լինելու հետևանքով կնոջը թափանցող մարմնական վնասվածք չի պատճառվել: Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ 49-ամյա տղամարդը փորձել է նույն դանակով կրկին հարվածել նախկին կնոջը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում՝ տանը գտնվող դստեր և որդու միջամտության արդյունքում, չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 49-ամյա տղամարդուն մեղադրսնք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: