ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Առաջին իսկ հնարավորության դեպքում փորձելու եմ պարտադիր այցելել Արցախ, այս պահին փորձում եմ գտնել տարբերակներ այն իրականացնելու համար․ ՄԻՊ

Առաջին իսկ հնարավորության դեպքում փորձելու եմ պարտադիր այցելել Արցախ, այս պահին փորձում եմ գտնել տարբերակներ այն իրականացնելու համար․ ՄԻՊ

Արցախում ստեղծված իրավիճակին երկու տեսանկյունից եմ մոտենում՝ մեկը միջազգային հանրության հետ տարվող  աշխատանքներ են, որն այս փուլում շատ ակտիվ եմ իրականացնում։ Իմ նախաձեռնությամբ ես բոլոր միջազգային  դերակատարների մոտ այս խնդիրն անընդհատ բարձրաձայնում եմ, քննարկում եմ ուղիներ, որոնք հնարավոր են այս փուլում խնդիրը լուծելու տեսանկյունից։ Իհարկե, խնդիրները բարձրաձայնում եմ մարդու իրավունքների պաշտպանության դիտանկյունից, որովհետև ինքս քաղաքական մանդատ ունեցող պաշտոնատար անձ չեմ։

Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձավ այն քայլերին, որոնք այժմ պաշտոնի շրջանակում իրականացնում է Արցախում  մարդու իրավունքների առումով ստեղծված խնդիրները լուծելու ուղղությամբ․ «Անընդհատ խոսում եմ դերակատարների հետ, փորձում ենք հնարավոր քայլեր մտածել, դիմելու եմ նաև Մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կազմակերպություններին և  հույս ունեմ, որ պատշաճ կազմակերպված իրավական քաղաքականության միջոցով, միգուցե, հնարավոր լինի այս խնդիրներին լուծում տալ»։ 

Մանասյանը նշեց, որ այս հարցում իր գործողությունների մեկ այլ կարևոր առանցք է Արցախի ՄԻՊ-ի հետ մշտական կապի մեջ լինելը․ «Առաջին իսկ հնարավորության դեպքում փորձելու եմ պարտադիր այցելել Արցախ, որովհետև, կարծում եմ, շատ կարևոր է, ցույց տալ մարդու իրավունքների պաշտպանության այն խնդիրները, որոնք այնտեղ առկա են։ Մենք պետք է նաև արտաքին քաղաքական և այլ հնարավորություններ Արցախ այցելելու հանգամանքի հետ կապված հաշվի առնենք, և ես այս պահին փորձում եմ գտնել հնարավոր տարբերակներ՝ իմ այցելությունն ի կատար ածելու համար»։ 

Մանասյանը խոսեց նաև Հակարիի կամրջի վրա Ադրբեջանի կողմից հսկիչ անցագրային կետ դնելու հարցով Հաագայի դատարան դիմելու մասին․ «Մեր պետությունը պետք է շատ ճիշտ միջազգային իրավական քաղաքականություն իրականացնի, որովհետև եթե այն ճիշտ է կառուցված լինում, միանշանակ, իր հնարավոր  արդյունքները տալիս է, շատ կարևորում եմ, որ բոլոր իրավական մեխանիզմները պատշաճ մակարդակով օգտագործված լինեն, դա հետագայում կարևոր է նաև արտաքին քաղաքականության մեջ ցույց տալու համար, որ մեր պետությունը բացառապես իրավական մեխանիզմներով է առաջնորդվում»։ 

  • Կիսվել: