Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի՝ Վանաձորի համայնքապետի հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանի համար։ Վերջինիս պաշտպանը միջնորդություն է ներկայացնելու դատարան՝ փոխելու համար նրա խափանման միջոցը, քանի որ գործով 30 վկաները արդեն հարցաքննվել են, եւ վերացել է նրանց հնարավոր ճնշման հնարավորությունն ու իմաստը:
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերեւույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչեւ 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ:
Ասլանյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Քրեական գործը հիմա էլ քննում է ՀՀ հակակոռուպցիոն դատարանը: Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն կամ քաղաքական մոտիվներով կալանք»: