երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անչափահասների կողմից էլեկտրաշոկերների ու արցունքաբեր գազերի շրջանառությունը կարգելվի

Անչափահասների կողմից էլեկտրաշոկերների ու արցունքաբեր գազերի շրջանառությունը կարգելվի

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 61 կողմ, 1 դեմ, 32 ձեռնպահ քվեարկությամբ, ընդունել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին»  օրենքում փոփոխությունների նախագիծը։ 

Ըստ այդմ՝
1. Արգելվում է անչափահասների կողմից մեխանիկական փոշեցրիչների, աերոզոլային և այլ սարքերի, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող զենքերի ու կայծային պարպիչների շրջանառությունը:

2. Զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության գործնական քննությունից ազատվում են այն քաղաքացիները, որոնք ծառայում են կամ ծառայել են պետական ռազմականացված կազմակերպություններում, այդ թվում՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածները կամ դիմելու պահին վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից կազմակերպած վարժական հավաքներին և զինվորական վարժանքներին և ունեն կամ ունեցել են զենք կրելու իրավունք և ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ, իսկ պարտադիր ժամկետային ծառայության ավարտից հետո չի անցել հինգ տարի։

3․ «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարտավոր են Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր և զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու մասին փաստաթուղթ: Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը մալում է և վերադարձնում տիրոջը։

Օրենքը ուժի մեջ կմտնի ՀՀ Նախագահի ստորգրումից հետո 10 օր անց:

  • Կիսվել: