հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անչափահասի ներգրավմամբ 500 գ «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել

Անչափահասի ներգրավմամբ 500 գ «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Արմավիրի մարզի բնակիչ, երկու եղբայրների և Արարատի մարզի անչափահաս բնակչի կողմից ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհրաժեշտ քննչական և վարույթային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ եղբայրները իրենց մտերիմ, 17–ամյա պատանու հետ ձեռք բերելով իրացնելու նպատակով ապօրինի թմրամիջոցների շրջանառությամբ զբաղվելու շուրջ նախնական պայմանավորվածություն, 2024թ. փետրվարի 21-ին եղբայրներից մեկի վարած «OPEL VECTRA 1.8» մակնիշի ավտոմեքենայով ժամանել են Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրի տարածք։ Անչափահաս մտերիմի հետ համապատասխան տեղորոշման հավելվածի օգտագործմամբ, նրանք փնտրել և գտել են քննությամբ դեռևս պարզման ենթակա անձի կողմից նախապես տրամադրված՝ փաթեթավորված թմրամիջոցի գտնվելու կոնկրետ կոորդինատը։

Հայտնաբերելով այն՝ 17–ամյա պատանին վերցրել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 500 գրամ քաշով թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգվածով փաթեթը, մոտեցրել ավտոմեքենային, իսկ եղբայրներից մեկն այն ամրացրել է ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի տակ։ Այնուհետև նույն մեքենայով, երիտասարդները ուղևորվել են դեպի Երևան։ Սակայն ճանապարհին, նույն օրը` ժամը 13։00-ին, հետաքննության մարմնի աշխատակիցների կողմից օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության և պարեկային ծառայության ծառայողների հետ, Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Արենի բնակավայրի տարածքում նրանք հայտնաբերվել են, ձերբակալվել և տեղափոխվել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին։ Իսկ հիշյալ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նախաքննության ընթացքում կատարված ավտոմեքենայի խուզարկությամբ վերը նշված փաթեթը հայտնաբերվել և վերցվել է:

 

Նշանակված դատանյութագիտական փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված փաթեթում առկա 500 գրամ քաշով սպիտակ գույնի բյուրեղանման զանգվածը եղել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ երեք անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ կետով։ Եղբայրների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 17–ամյա անչափահասի նկատմամբ՝ այլընտրանքային համակցված խափանման միջոցներ՝ գրավ, դաստիարակչական հսկողության հանձնել և չբացակայելու արգելք։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրը, իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված այլ անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

  • Կիսվել: