ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Անցած տարի տեղի ունեցած գրեթե բոլոր հնչեղություն ունեցող հանցագործությունները բացահայտվել են. փոխոստիկանապետ

Անցած տարի տեղի ունեցած գրեթե բոլոր հնչեղություն ունեցող հանցագործությունները բացահայտվել են. փոխոստիկանապետ

Հայաստանում անչափահասների կողմից հանցավորության կանխարգելման  ուղղությամբ իրականցված կանխարգելիչ բնույթի մեծածավալ աշխատանքների արդյունքում 2021 թվականի ընթացքում 48 դեպքով նվազել են անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը:

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը փաստեց, որ 2021 թվականին, չնայած հանցագործությունների թվի աճին, բարձրացել է հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը:

«Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում վարույթում քննվող 37510 հանցագործության դեպքերից բացահայտվել են 21636-ը, իսկ 2022 թվականի երկու ամիսների ընթացքում դրական ցուցանիշներ են արձանագրվել հանցագործությունների բացահայտման աշխատանքներում: Բաժնում քննվող 16107 հանցագործության դեպքերից բացահայտվել է 7179-ը»,-ասաց նա:

Արամ Հովհաննիսյանը նշեց,  որ 2021 թվականին տեղի ունեցած գրեթե բոլոր հնչեղություն ունեցող հանցագործությունները բացահայտվել են, դրանցից առանձնացրեց Քանաքեռում տեղի ունեցած 4 անձի սպանության, Հաղթանակի զբոսայգու դիմաց տեղի ունեցած կնոջ և Մոսկվա Կինոթատրոնի մետ տեղի ունեցած քրեական հեղինակության ընկերոջ սպանության դեպքերը:

«Կարևորելով սպանության փորձի կանխարգելման և բացահայտման աշխատանքները նշեմ, որ արդեն 2022 թվականի երկու ամիսների ընթացքում 4 դեպքով նվազել են սպանության և 5 դեպքով սպանության փորձի դեպքերը: Ընդ որում, արձանագրված 4 սպանության դեպքերից 3- բացահայտվել են 1-ը, ըստ հավաստի տեղեկությունների, ինքնասպանության դեպք է և շուտով կբացահայտվի»,- ասաց Հովհաննիսյանը:

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը առանձնահատուկ անդրադարձավ  թմրամիջոցների ապօրինի շրջանառության խնդրին: Նշեց, թեև այդ ուղղությամբ ունեն հայտնաբերման աճ, այդուհանդերձ անհանգստացնող է այն, որ դրանց իրացումը տեղափոխվել է վիրտուալ տիրույթ և իրականացվում է ինտերնետային տարբեր ռեսուրսների միջոցով:

«Այս ուղղությամբ ոստիկանությունը իրականացնում է ոչ միայն օպերատիվ հետախուզական գործողություն, այլ ներդնում է ինստիտուցիոնալ մեխանիզմներ: Նշեմ, որ արդեն իսկ քրեական ոստիկանությունում ձևավորվել է համակարգչային ոլորտում կատարվող հանցագործությունների հակազդման նոր ստորաբաժանում: Այս ոլորտում ակտիվացվել է համագործակցությունն այլ, հատկապես հարևան երկրների հետ, վերջիններիս կարողությունները և առաջատար փորձը ոստիկանությունում ներդնելու, ինչպես նաև աշխատանքները փոխհամագործակցված իրականացնելու ուղղությամբ»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

  • Կիսվել: