երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Անահիտ Մանասյանը Նաննա Սկաուին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Անահիտ Մանասյանը Նաննա Սկաուին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Նաննա Սկաուին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
 
«Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Նաննա Սկաուի հետ։
 
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչը։
 
Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում վեր հանված հարցերին։ Պաշտպանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը: Երկուստեք ընդգծվել է վերոնշյալ անձանց հոգեբանական աջակցություն ցուցաբերելու կարևորությունը։
 
Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրները և մարդու հիմնարար իրավունքների խախտումները։
 
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել ինչպես Միավորված ազգերի կազմակերպության դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այնպես էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ կայուն ու արդյունավետ փոխգործակցության երկարամյա փորձը։
 
Իր հերթին Նաննա Սկաուն կարևորել է Պաշտպանի հաստատության գործունեությունը և վերջինիս դերը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։ Այս համատեքստում կարևորվել են Պաշտպանի կողմից ներկայացվող զեկույցները, որոնց միջոցով մշտադիտարկումների արդյունքները փաստաթղթավորվում են։
 
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել կայուն համագործակցությունը և ընդգծել համատեղ աշխատանքների ուղղությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: