երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Ամերիկայից տեսել են, որ հարված կա, մեզ մոտ դատախազություն, քննչականում ոչ մեկ չի նկատում․ Լևոն Քոչարյան

Ամերիկայից տեսել են, որ հարված կա, մեզ մոտ դատախազություն, քննչականում ոչ մեկ չի նկատում․ Լևոն Քոչարյան

Նույնիսկ ԱՄՆ պետդեպի զեկույցը կա, որտեղ իմ անվանական անունով նշվում է, որ ոստիկանական մեքենայում ինձ հարվածել են։ Այս մասին դատական նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

«Ամերիկայից տեսել, նկատել են, որ հարված կա, մեզ մոտ դատախազություն, քննչականում ոչ մեկ չի նկատում։ Դատաբժիշկի եզրակացությունը՝ իմ վնասվածքներով ֆիքսված, ոչ մեկը չի տեսնում: Ձեր ապօրինի, սխալ գործողությունների արդյունքում ինձ բանտ եք նստացրել։

Ինձ տեսակցության են եկել իմ երկու երեխաները։ Ինչի՞ պիտի լիներ այդ ամենը, երբ բացարձակ ոչ մի սխալ բան չեմ արել։ Հիմա ինչի՞ սա ինձ համար անձնական չպիտի լինի, ուզում եք չբորբոքվեմ, ուրիշ ձևով չմեկնաբանենք էս ամեն ինչը։

Այն ինչ իմ հանդեպ անում եք շատ անձնական է, ուրիշ ձև չի կարող լինել։ Մի հատ էլ ուզում եք մեզ 2-ից 5 տարի տանել, փակել․ հարց տվեք ձեզ՝ ի՞նչի համար»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանը 2023թ սեպտեմբերի 22-ին Երևանում բողոքի ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Լևոն Քոչարյանը նույն օրն էլ ձերբակալվել, ապա կալանավորվել է 1 ամիս ժամկետով։ Նա ազատ արձակվեց մի քանի ամիս անց միայն պատգամավորական մանդատը ստանալուց հետո։ Չնայած հրապարակված տեսագրություններին նախաձեռնվել է քրեական վարույթ Լևոն Քոչարյանի ու Սերգեյ Ասատուրովի նկատմամբ՝ ՀՀ ՔՕ 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։

  • Կիսվել: