շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ամեն ինչ ստուգել են, շատ էլ լավ են արել, ես հանգիստ եմ. Գագիկ Ծառուկյան

Ամեն ինչ ստուգել են, շատ էլ լավ են արել, ես հանգիստ եմ. Գագիկ Ծառուկյան

Իմ ընկերություններում հարյուր անգամ ստուգումներ են կատարվել, քրեական գործեր էլ կան հարուցած, և դարձյալ շարունակում են ստուգել: Այս մասին այսօր ՛՛Կենտրոն՛՛ հեռուստատեսության եթերում ասել է ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով իր հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ դատախազության հարուցած գործի մասին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Բարոյական կողմը ես չեմ հասկանում, որ մարդն այսքան արել է իր երկրի համար, մտածել իր պատվի համար և նման գործ կա. ո՛չ պետական պաշտոնի եմ եղել, ոչ այլ գործ եմ ունեցել: Ամեն ինչ ստուգել են, շատ էլ լավ են արել, թող ստուգեն, ես շատ հանգիստ եմ, որտեղ ստուգումներ են արել, թղթապանակ են գտել, որտեղ եղել են բոլոր հաշվետվությունները, մենք խնդիր չունենք, բոլորը պարզ է՛՛:

Ծառուկյանը շեշտել է, որ հետո պարզ կլինի, թե որն է այս ամենի նպատակը:

՛՛Կառուցել եմ եկեղեցիներ, գործարաններ, մարզադպրոցներ, ֆինանսավորել եմ, սպորտսմենների եմ բերել, մեքենաներ եմ բաժանել, օլիմպիական չեմպիոններին գումարներ եմ տվել: Դատախազությունն է ասում, որ Ծառուկյանի ընտանիքը 1980-ական թվականներից աշխատել է: Այո, հանրությունն էլ գիտի, հարևանությունն էլ գիտի, աշխարհն էլ գիտի, թե ինչից ենք սկսել: Ծնողներս 90-անց են, բայց աշխատում են, ընտանիքս աշխատում է, այսօր 70 հատ բիզնես ունենք: Բոլորին էլ օգնել եմ, աջակցել՝ սկսած արվեստից, կրթությունից՛՛,-հավելել է ԲՀԿ առաջնորդը:

Նշենք, որ Ծառուկյանը և նրան փոխկապակցված անձինք անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի գործով: Դատախազությունը Գագիկ Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 մլրդ դրամ, 39 ընկերությունում բաժնեմաս և բաժնետոմս:

  • Կիսվել: