երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ամբողջական տեղեկատվություն չունեմ. ՄԻՊ-ը՝ ՀՀ-ում ռուսական ոստիկանության կողմից օտարերկրյա քաղաքացու առևանգման մասին

Ամբողջական տեղեկատվություն չունեմ. ՄԻՊ-ը՝ ՀՀ-ում ռուսական ոստիկանության կողմից օտարերկրյա քաղաքացու առևանգման մասին

Երբ մամուլում տարածվել է այդ տեղեկատվությունը, ես անմիջապես դիմել եմ իրավապահ մարմիններին՝ շեշտադրումը կատարելով մարդու իրավունքների վերաբերելի հարցերի վրա: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝   անդրադառնալով օրար առաջ տեղի ունեցած միջադեպին, երբ ըստ իրավապաշտպան կառույցների, Հայաստանի տարածքում Ռուսական 102-րդ բազայի ռազմական ոստիկանությունը ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Սետրակովին, ապա տեղափոխել Ռուսաստան:

Հարցին՝ այն, որ ռուս ոստիկանները Հայաստանում մարդ են ձերբակալում, դա մարդու իրավունքների խախտում չէ՞, նա պատասխանեց. «Այս պահին ես դեռեւս չեմ ստացել խնդրին վերաբերող ամբողջական տեղեկատվություն: Օրինակ, արդյոք անձը տեղափոխվել է Ռուսաստան, ինչ գործընթացի շրջանակներում է դա տեղի ունեցել: Բայց եթե մարդու իրավունքներին վերաբերելի խնդիր արձանագրվի,  կոնկրետ կոնտեքստում, վստահաբար կմիջամտենք»:

Նշենք, որ խոսքը վերաբերում է սույն թվականի դեկտեմբերի 8-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված ահազանգին, համաձայն որի՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչները փողոցում ձերբակալել են Գյումրիում բնակվող ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովին։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը տեղի ունեցածը որակել է՝ «ապօրինություն և մարդու առևանգում»․ «Այլ երկրի իրավապահ մարմնի կողմից ՀՀ տարածքում տեղի է ունեցել մարդու առևանգում: Եվ եթե դա արված լինի ոչ թե ՌԴ ոստիկանության, այլ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից, դա ընդհանրապես խայտառակություն է: Դա ոտնձգություն է ՀՀ անվտանգության և ինքնիշխանության դեմ»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան տեղափոխել են Ռուսաստան, որտեղ նա մեղադրվում է դասալքության մեջ:

Հայաստանի գլխավոր դատախազությունն էլ հայտնել էր, որ Դմիտրի Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և Ռուսաստանի իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություն Հայաստանի գլխավոր դատախազությունում չի՛ ստացվել, չի՛ քննարկվել, չի՛ բավարարվել:

Կառույցից պարզաբանել են, որ Դմիտրիյ Սետրակովի՝ Ռուսաստանի իրավասու մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև վերջինիս Հայաստանի տարածքում հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն Գլխավոր դատախազությունում առկա չէ:

  • Կիսվել: