հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԻՆ-ում կատարված ուսումնասիրության ժամանակ Հաշվեքննիչ պալատը մի շարք անհամապատասխանություններ է հայտնաբերել

ԱԻՆ-ում կատարված ուսումնասիրության ժամանակ Հաշվեքննիչ պալատը մի շարք անհամապատասխանություններ է հայտնաբերել

Հաշվեքննիչ պալատը ՀՀ ԱԻՆ-ում հաշվեքննություն էր անցկացրել նախարարության 2021 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման նկատմամբ հաշվեքննության արդյունքների վերաբերյալ։  Հաշվեքննիչ պալատի 2022 թ. հունվարի 27-ի համապատասխան որոշմամբ հաստատված հավելվածը զետեղված է Պալատի պաշտոնական կայքում։ 

 Ըստ ՀՊ ընթացիկ եզրակացության՝ հաշվետու ժամանակաշրջանում ի հայտ են եկել մի շարք անհամապատասխանություններ, որոնց վերաբերյալ Պալատի եզրակացության մեջ առկա են համապատասխան գրառումներ։ ԱԻՆ-ի կողմից կնքված պայմանագրերի հաշվեքննության արդյունքում ՀՊ-ն մասնավորապես պարզել էր հետևյալը. ՀՀ կառավարության  3.06.2021 թ. համապատասխան որոշումով «Տեխնիկական անվտանգության կանոնակարգում» ծրագրի շրջանակում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի անվտանգության ապահովում» միջոցառման իրականացման համար ՀՀ ԱԻ նախարարությանը ՀՀ կառավարության  պահուստային ֆոնդից  հատկացվել է 285,953.6 հազ. դրամ։ Միջոցառման իրականացման համար ԱԻՆ-ը մեկ անձից գնում կատարելու ձևով «Նաիրիտ ՓԲԸ»-ի հետ կնքել է 14.06.2021 թ. պայմանագիր՝ 285,953.6 հազ. դրամ արժեքով։ Պայմանագրի տեխնիկական բնութագրով նախատեսվել է, որ կատարողը մատուցելու է հիշյալ ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ ծառայություններ։ Համաձայն ՓԲԸ-ի կողմից ԱԻՆ-ին ներկայացված տեղեկանքի՝ պայմանագրով նախատեսված գումարի հաշվին 2021 թ. մայիսի 31-ի դրությամբ ենթական են վճարման ընկերության կողմից կատարված անհետաձգելի ծախսերը՝ 285,953.6 հազ. դրամ, որից աշխատավարձ և դրան հավասարեցված պարտադիր վճարներ՝ 231,252.4 հազ. դրամ, անհետաձգելի հրատապ և այլ ծախսեր՝ 21,536.2 հազ. Դրամ, և այլ վճարներ՝ 3,165.0 հազ. դրամ։ Հիշյալ ՓԲԸ-ի կողմից ներկայացված չվճարված աշխատավարձերի վերաբերյալ տեղեկանքի և նպաստ ստացողների ցանկի համաձայն՝ ՀՀ ԱԻՆ-ը 2021 թ. հունիսի 16-ին ընկերությանը փոխանցել է 231,252.4  հազ. դրամ։ Հաշվեքննությամբ պարզվել է, որ, ի տարբերություն մնացած ամիսների, 2021 թ. հունվար ամսվա համար հաշվարկված աշխատավարձերը, ըստ աշխատավարձերի տեղեկագրի, կազմել են գումարային 38,185.4 հազ. դրամ, սակայն չվճարված աշխատավարձերի վերաբերյալ տեղեկանքում այդ ամսվա համար ներկայացվել է որպես հաշվարկված աշխատավարձ 38,185.4 հազ. դրամ։ Արդյունքում ՓԲԸ-ին պետական բյուջեից վճարվել է 200,0 հազ. դրամով  ավելի գումար։ 

Հաշվեքննությամբ պարզվել է նաև, որ 2021 թ. օգոստոս ամսին ԱԻՆ-ը, հիմք ընդունելով ներկայացված հարկային հաշիվը, փոխանցել է ընկերությանը ևս 24,701.2 հազ. դրամ։ Հաշվի առնելով, որ ՓԲԸ-ի աշխատողների 2021 թ. մայիսի 31-ի դրությամբ հաշվարկված աշխատավարձերը՝ 231,252.4 հազ.  դրամը, ամբողջությամբ փոխանցվել էր ընկերությանը առաջին կիսամյակում, օգոստոս ամսին երկրորդ փոխանցումը պետք է ուղղվեր կատարված անհետաձգելի հրատապ և այլ ծախսերի փոխհատուցմանը։ Սակայն այդ ծախսերի կատարումը  հիմնավորող փաստաթղթերը ԱԻՆ չեն ներկայացվել, իսկ փոխանցումը կատարվել է ՓԲԸ-ի կողմից 2021 թ. օգոստոսի 20-ին դուրս գրված հարկային հաշվի հիման վրա։ Փաստորեն, կատարված ծախսերը հավաստող փաստաթղթերը բացակայում են, և չի հիմնավորվում ԱԻՆ-ի կողմից «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին 24,701.2 հազ. դրամ գումարի փոխանցումը։  

Հաջորդ անհամապատասխանությունը վերաբերում է 2020 թվականի ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման ծառայության ձեռք բերման նպատակով հատկացված գումարներին։ Նախարարությունն այս նպատակով 2021 թվականին պայմանագիր է կնքել «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամի» հետ՝ 100,000.0 հազ. դրամ  արժեքով։ 

Ըստ ՀՊ-ի՝  մասնավորապես պայմանագրի «անհատական հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա» ծառայության դիմաց (մեկ անձի համար մեկ սենասի արժեքը՝ 10 հազար դրամ)  թիվ 1 հանձնման-ընդունման արձանագրությամբ 2021 թ. հունիս և հուլիս ամիսների համար ներկայացվել է մատուցված 119 ծառայություն, որի դիմաց վճարվել է 1,190.0 հազ. դրամ, իսկ թիվ 2 ընդունման և հանձնման արձանագրությամբ՝ հունիսից մինչև օգոստոսը ներառյալ ամիսների համար ներկայացվել է մատուցված 973 ծառայություն, որի դիմաց վճարվել է 9,730.0 հազ. դրամ։ Հետևաբար, ըստ հանձնման-ընդունման արձանագրությունների, մատուցված ծառայությունների մասով հունիս և հուլիս ամիսների համար կատարվել է կրկնակի վճարում՝ 1,190.0 հազ. դրամ։ Նշենք, որ ըստ ՀՊ հաշվետվության, 2021 թ. 9 ամիսների ընթացքում պայմանագրի շրջանակում, ըստ ԱԻՆ-ի ներկայացրած  ընդունման և հանձնման երկու արձանագրությունների, մատուցվել են 16,973.4 հազ. դրամի ծառայություններ։ ՀՊ-ն անհամապատասխանություն էր հայտնաբերել նաև թեժ գծի միջոցով մատուցված հոգեբանական աջակցության մասով՝ ավելի վճարված գումարի տեսքով։ 

Նյութը՝ ըստ civic.am-ի:

  • Կիսվել: