կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էկոնոմիկայի նախարարության կոռուպցիոն չարաշահումների գործով անցնող 7 անձից 4-ը պաշտոնյա է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Էկոնոմիկայի նախարարության կոռուպցիոն չարաշահումների գործով անցնող 7 անձից 4-ը պաշտոնյա է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ՀՀ ՔԿ կողմից հունվարի 31-ին հրապարակված հաղորդագրության մեջ նշված քրեական վարույթներից մեկով  հանրային քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 4-ը՝ պաշտոնատար անձինք, 3-ը՝ այլ։

ՔԿ-ից հայտնում են, որ դատարանը ամբողջությամբ բավարարել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված՝ մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ 6 միջնորդություններից 4-ը, իսկ 2-ը բավարարել է մասնակի։

Մասնավորապես, մեկով խափանման միջոց է ընտրել տնային կալանքը, մյուսով կալանքը կիրառել է 1ամսով։ 

Ընդհանուր առմամբ 3 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 1-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Մյուս քրեական վարույթով հունվարի 31-ին ձերբակալված պաշտոնատար անձի նկատմամբ ևս, բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը,  դատարանը որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարությունում երկու օր առաջ 7 անձ է ձերբակալվել, այդ թվում մեկ օր առաջ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը: Ձերբակալվել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը:

Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաև IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Հովհաննիսյանը եւ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը կալանավորվել են, իսկ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք:

  • Կիսվել: